Վրաստանում հաջորդ տարի նախատեսված խորհրդարանական վճռորոշ ընտրությունների նախաշեմին երկրի երբեմնի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչներից մեկը` Իրակլի Ալասանիան կարող է վերադառնալ քաղաքականություն: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության նախկին առաջնորդ Ալասանիայի վերադարձը, ամենայն հավանականությամբ, կփոխի իշխանության խաղաքարտերը, նկատում են վրաց փորձագետները:
Ալասանիայի հնարավոր վերադարձի մասին 2020News լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից Նինո Գոգուաձեն՝ նշելով, որ այդ մասին քաղաքական գործիչը, ամենայն հավանականությամբ, կհայտարարի առաջիկա նոյեմբերին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ալասանիան մտադիր է մասնակցել հաջորդ տարի նախատեսված խորհրդարանական ընտրություններին:
Ինքը նախկին նախարարը այդ լուրի հրապարակումից քիչ անց հանդես է եկել հայտարարությամբ, որով, ըստ էության, ոչ հերքել, ոչ էլ հաստատում է իր հնարավոր վերադարձը: «Այդ մասին կհայտարարեմ ինքս», - շեշտել է վրաց քաղաքական գործիչը, ով վերջին տարիներին բնակվում է Վաշինգտոնում, որտեղ աշխատում է ամերիկյան խորհրդատվական ընկերություններից մեկում՝ SPConsulting-ում: Այդ ընկերությունը բիզնես-խորհրդատվական ծառայություններ է մատուցում ամերիկյան կառավարությանը և մասնավոր սեկտորին:
Մասնագիտությամբ դիվանագետ 45-ամյա Իրակլի Ալասանիան համարվում էր Բիձինա Իվանիշվիլիի կառավարության առանցքային անդամներից մեկը: Մինչ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելը, Ալասանիան Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք մի քանի տարվա ընդդիմադիր ճանապարհ է անցել՝ նախ միայնակ, ապա արդեն՝ «Վրացական երազանք»-ի հետ, ընտրություններից հետո մաս կազմելով իշխանական դաշինքին: 2012 թվականին ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը և ուղիղ երկու տարի անց պաշտոնանկ արվել:
Ալասանիան հեռացել է իր ղեկավարած կառույցի շուրջ սկանդալային իրադարձությունների ֆոնին, պակաս սկանդալային չէր նաև նրա պաշտոնանկությունը: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կաբինետը 2014 թվականին կասկածներ ուներ, որ Պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն սխեմաներ են գործում, տևական ստուգումներից հետո ձերբակալվեցին կառույցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այս իրադարձություններին արտասահմանյան գործուղումից հետևող նախարար Ալասանիան կոչ էր արել դադարեցնել հարձակումները՝ դրանք որակելով քաղաքական: Վարչապետի պատասխանը չուշացավ․ հրապարակելով պաշտոնանկության որոշումը, Իրակլի Ղարիբաշվիլին չբավարարվեց կոշտ քննադատությամբ` ուղղակի վիրավորանքներ հնչեցնելով Ալասանիայի հասցեին: «Ալասանիան արկածախնդիրի մեկն էր, հավակնոտ և հիմար մի նախարար, որի թիմակիցների գործողությունները ես որակում եմ որպես հակապետական: Ալասանիայի պես արկածախնդիրը, սակայն, մեզ որևէ վնաս հասցնել այլևս չի կարող: Լավ է, որ մեր թիմն ազատվեց նման դավաճաններից», - հայտարարել էր Ղարիբաշվիլին: Նա նաև պնդում էր, որ Իրակլի Ալասանիան և նրա ղեկավարած քաղաքական ուժը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, գտնվելով իշխող կոալիցիայի ներսում՝ սպասարկում էին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շահերը: