Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց Ալասանիային


Վրաստան- Բիձինա Իվանիշվիլին, Գիորգի Մարգվելաշվիլին, Իրակլի Ղարիբաշվիլին և Իրակլի Ալասանիան 2008-ի ռուս - վրացական պատերազմի հինգերորդ տարելիցին նվիրված հանդիսությունների ժամանակ, Թբիլիսի, 8-ը օգոստոսի, 2013թ․
Վրաստան- Բիձինա Իվանիշվիլին, Գիորգի Մարգվելաշվիլին, Իրակլի Ղարիբաշվիլին և Իրակլի Ալասանիան 2008-ի ռուս - վրացական պատերազմի հինգերորդ տարելիցին նվիրված հանդիսությունների ժամանակ, Թբիլիսի, 8-ը օգոստոսի, 2013թ․

Վրաստանի արդեն նախկին պաշտպանության նախարարը պնդում է, որ իր ղեկավարած գերատեսչության պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելը քաղաքական ենթատեքստ ունի:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան երեքշաբթի երեկոյան պաշտոնանկ արվեց:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այս որոշումից անմիջապես հետո հրաժարական տվեց եվրոպական և եվրաինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Պետրաշվիլին, ով Ալասանիա - Դատախազություն վիճաբանությունում պաշտպանում էր նախարարին: Ելույթ ունենալով «Մաեստրո» հեռուստաընկերությամբ՝ Պետրաշվիլին կրկնել է Էդուարդ Շևարդնաձեի հայտնի խոսքերը՝ փորձելով նմանակել նաև նրա ձայնը․ - «Բռնապետությունը մոտենում է: Ժողովրդավարությունը վտանգված է: Ես հրաժարական եմ տալիս»:

Ղարիբաշվիլին իսկույն պաշտպանության նոր նախարար է նշանակել Մինդիյա Ջանելիձեին, ով մինչ այդ Վրաստանի անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի ղեկավարն էր:

Ալասանիային պաշտոնանկ անելու և նոր նախարար նշանակելու մասին վարչապետը երեկոյան հայտարարեց «Վրացական երազանք» դաշինքի խորհրդի նիստից հետո: Ղարիբաշվիլին ասաց, թե Պաշտպանության նախարարության գնումների հետ կապված հարցերը մեկ անգամ չէ, որ իշխանությունները քննարկել են, պաշտպանության նախարարին նկատողություններ էին արվել: «Ես որոշում ընդունեցի պաշտոնանկ անել Ալասանիային», - հայտարարեց Ղարիբաշվիլին:

Արդեն նախկին պաշտպանության նախարարը իսկույն հանդես եկավ մեկնաբանությամբ: «Ռուսթավի 2» հեռուստաընկերությամբ Ալասանիան ասաց․ - «Այսօր ես վարչապետի փոխարեն դատախազ տեսա: Այս բոլոր գործողությունները պլանավորված են Պաշտպանության նախարարության վարկանիշը վնասելու համար: Այսօրվանից ես այլևս պետական ծառայող չեմ: Նոր փուլ է սկսվում, ուր մեզ սպասվում է մեր երկրում իրապես պաշտպանել այն արժեքները, որոնց մեր ժողովուրդը փորձում է հասնել 20 տարվա ընթացքում»:

Նշենք, որ երեկ երեկոյան իրադարձությունները զարգացան կայծակնային արագությամբ:

Մինչ պաշտոնանկ արվելը Իրակլի Ալասանիան հանդես էր եկել քաղաքական բնույթի հայտարարությամբ՝ իշխանություններին կոչ անելով դադարեցնել նպատակաուղղված հարձակումները Պաշտպանության նախարարության դեմ:

Բանն այն է, որ երբ Ալասանիան բացակայում էր Վրաստանից, Դատախազությունը կոռուպցիայի և անփութության կասկածանքներով գործերով ձերբակալել էր Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ավելի քան 4 միլիոն լարիի (մոտ 2․3 միլիոն դոլար) վատնումների գործով որպես վկա հարցաքննության էր հրավիրվել նաև պաշտպանության փոխնախարար Ալեքսի Բատիաշվիլին:

Ալասանիան ասել էր, թե Պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնյաների նկատմամբ մեղադրանք առաջադրելը քաղաքական ենթատեքստ ունի:

Մինչդեռ «Վրացական երազանք» դաշինքից պատգամավոր Գեորգի Վոլսկին կտրականապես հերքել էր, թե տվյալ հարցը քաղաքական նրբություններ ունի: Նա ասել էր, թե շահարկումները պետք է ավարտվեն օբյեկտիվ քննության արդյունքում:

Իսկ գլխավոր դատախազի տեղակալ Իրակլի Շոթաձեն «Իմեդի» հեռուստաընկերությամբ հայտարարել էր, թե Դատախազությունը ոչ մի կապ չունի երկրի քաղաքական կուրսի հետ: Պաշտպանության նախարարության դեմ հարձակումների մասին հայտարարությունները նա որակել էր ծիծաղելի և անհասկանալի: «Պաշտպանության նախարարության անբարեխիղճ չինովնիկները պետական միջոցներից 4 միլիոն լարի են վատնել: Սա ուղղակի հանցագործություն է, որի հետ Դատախազությունը չի կարող հաշտվել», - ասել էր դատախազի տեղակալը:

Վրաստանի վերնախավի ներկայացուցիչների հայտարարությունները երեկ երեկոյան հետևում էին մեկը մյուսին: Մինչ Ալասանիայի պաշտոնանկությունը ստեղծված իրավիճակին անդրադարձան երկրի նախագահը, խորհրդարանի նախագահը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել էր․ - «Մենք մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք՝ երկիրը պետք է կառավարվի ուժեղ ինստիտուտների կողմից, այլ ոչ թե կուլիսներից»:

Վրաստանում Իրակլի Ալասանիան բավական մեծ հեղինակություն ունի: Երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, վարչապետի հավանական թեկնածու էր համարվում հենց Ալասանիան, բայց Իվանիշվիլին կանգ առավ երիտասարդ Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածության վրա:

Ալասանիան «Մեր Վրաստանը. միավորված դեմոկրատներ» կուսակցության առաջնորդն է: Այս կուսակցությունը «Վրացական երազանք» դաշինքի մաս է կազմում և խորհրդարանում տասը պատգամավոր ունի: Եթե կոալիցիան տրոհվի ու նրանք դուրս գան դաշինքից, ապա «Վրացական երազանք»-ը խորհրդարանում կունենա 73 մանդատ, ինչը բավարար չէ օրենքները միայն դաշինքի ձայներով ընդունելու համար, նշում է «Գրուզի օնլայն» կայքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG