Մատչելիության հղումներ

Ուսուցչուհուն հարցաքննել են չստացած բուժման գործով


Ուսուցչուհի Ալվարդ Իսրայելյան, 5-ը հոկտեմբերի, 2019թ.
Ուսուցչուհի Ալվարդ Իսրայելյան, 5-ը հոկտեմբերի, 2019թ.

Այսօր ուսուցչուհի Ալվարդ Իսրայելյանի բնակարան են այցելել իրավապահները և ցուցմունք վերցրել։ Պարզվում է, որ ըստ փաստաթղթերի` 2017 թվականի օգոստոսի 17-ից 22-ը Իսրայելյանը ստացիոնար բուժում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ օգտագործելով ուսուցիչների համար նախատեսված սոցփաթեթը, որը կազմել է 220 հազար դրամ: Մինչդեռ, Ալվարդ Իսրայելյանը պատմում է՝ սա իրականությանը չի համապատասխանում, երբևէ բուժում չի ստացել տվյալ բուժհաստատությունում, ավելին՝ այդ նույն ժամանակահատվածում եղել է Վրաստանում։

«Դա պարզ երևում է իմ անձնագրում՝ կնիքը կա։ Նույնիսկ հարցրի, թե ինչ ախտորոշմամբ, չասացին, բայց սոցփաթեթի շրջանակում՝ 220 հազար դրամ փոխանցվել է իմ առողջության վերականգնման համար։ Այդ բժշկական կենտրոն ոչ մի անգամ ստացիոնար բուժում չեմ ստացել, մասնավոր դեպքեր եղել են, բայց լուրջ նպատակով բժշկի այդ կենտրոնում չեմ եղել», - ասաց Ալվարդ Իսրայելյանը։

«Ազատության» հարցին՝ սոցփաթեթից երբևէ օգտվե՞լ է, պատասխանեց. «Բժշկական պահով ոչ, հանգստի պահով՝ այո»։

40 տարվա մանկավարժն ընդգծում է՝ հաշվի չի առնվել մի կարևոր հանգամանք․ «Վրիպել են հավանաբար կազմակերպիչները, շատ չեն խորքային մտածել, հաշվի չեն առել, որ ուսուցիչները հիմնականում ամառային արձակուրդներից են օգտվում և հնարավոր է, որ մենք արձակուրդում լինեինք։ Դա տարվա այն պահն է, երբ ուսուցիչների մեծ մասը գտնվում է հերթական արձակուրդի մեջ, ինչպես ես»։

Հիշեցնենք՝ մեկ տարուց ավելի է, ինչ Քննչական կոմիտեում քննվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում չարաշահումների վերաբերյալ գործը։

Նախաքննական մարմինը կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին որպես մեղադրյալ է ներգրավել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մասնավորապես, լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, փաստաթղթեր կեղծելուն օժանդակելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելը: Քննչական կոմիտեն մանրամասնում է, որ Մինասյանի գործողությունների հետևանքով պետությունը կրել է ավելի քան 908 միլիոն դրամի գույքային վնաս, վատնվել է ավելի քան 72 միլիոն դրամ: Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արա Մինասյանը հետախուզման մեջ է, նա Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն է, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին:

Արա Մինասյանի փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ մեղադրանքը անհիմն է և չպատճառաբանված։

Ինչպես և Ուսուցչուհի Ալվարդ Իսրայելյանը, ամիսներ առաջ անակնկալի էր եկել նաև «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանի ընտանիքը: Առաքելյանը պատմել էր, որ կինը՝ Սյուզաննա Արշակյանը, իր կամքից անկախ հայտնվել է վկայի կարգավիճակում և կանչվել հարցաքննության Քննչական կոմիտե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրենի գործով։

Ըստ Առաքելյանի, կինը 4 տարի առաջ դիմել է այդ հիվանդանոց՝ որպես մանկավարժ սոցիալական փաթեթի շրջանակում հետազոտություններ անցնելու։ Այցելելով Քննչական կոմիտե, սակայն, նրա կինը տեղեկացել է, որ 4 տարի առաջ վիրահատվել է, 8 օր պառկել հիվանդանոցում՝ ստանալով թանկարժեք բուժում։ Ինչը, սակայն, իրականությանը չի համապատասխանել։

XS
SM
MD
LG