«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կինը՝ Սյուզաննա Արշակյանը, իր կամքից անկախ հայտնվել է վկայի կարգավիճակում և կանչվել հարցաքննության Քննչական կոմիտե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի գործով։
«Ազատության» հետ զրույցում Էդգար Առաքելյանը պատմեց, որ երեկ է զանգ ստացել քննիչից, ինչից հետո կինը ներկայացել է Քննչական կոմիտե ցուցմունք տալու։
«Քննիչը առանց ինձ ճանաչելու բացարձակ, ի դեպ ինձ հայտնի չէ՝ ինչի էր իմ համարին զանգել, երևի էդ ժամանակ իմ համարն է թողնվել բժշկի մոտ, խնդրում է իմ կնոջը այցելել Քննչական կոմիտե՝ պարզաբանումներ տալու, մի քանի մանրամասներ, հանգամանքներ ճշտելու նպատակով», - ասաց Էդգար Առաքելյանը։
Հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ իրավապահների՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը հափշտակել է բյուջեից պետական պատվերի շրջանակում հատկացված ավելի քան 420 միլիոն դրամ:
Էդգար Առաքելյանը պատմեց, որ կինը 4 տարի առաջ դիմել է այս հիվանդանոց՝ որպես մանկավարժ սոցիալական փաթեթի շրջանակում հետազոտություններ անցնելու։
Այցելելով Քննչական կոմիտե, սակայն, նրա կինը տեղեկացել է, որ 4 առաջ տարի վիրահատվել է, 8 օր պառկել հիվանդանոցում՝ ստանալով թանկարժեք բուժում։
«Պարզվում է, որ կնոջս բուժման նպատակով պետական բյուջեից, փաստորեն, փոխանցվել է 200 հազարից ավել գումար, հիմա հստակ թիվը կդժվարանամ նշել, որի շրջանակներում, իբր թե, նշանակվել է, այսինքն տրվել է դեղորայք թանկարժեք, վիրահատվել էր կինս և ութ օր անցկացրել է հիվանդասենյակում։ Սա է ամբողջ պատմությունը, և էստեղից մեր քաղաքացիները կարող են իրենց հետևությունները անել, թե ինչ ահռելի մասշտաբների է հասել այդ անմարդկային կոռուպցիան։ Ես ուզում եմ կոնկրետ էս կոռուպցիոն դրսևորման անմարդկային բնույթը այստեղ ընդգծել, շեշտել, որովհետև գործ ունենք մարդկանց առողջության, կյանքի հետ, որը խլվել է փաստորեն, գողացվել է մարդկանցից։ Ինչ ահռելի ծավալների է հասել, որ անգամ էստեղ փոքրաթիվ՝ 130 պատգամավորներից առնվազն մեկի ընտանիքի անդամներին տարիներ անց պարզվում է, որ առնչվում է», - ընդգծեց Առաքելյանը։
«4 տարի անց հեղափոխության արդյունքում պատգամավոր ընտրված անձանց ընտանիքների անդամներն անգամ իրենց կամքից անկախ ներքաշված են եղել կեղտոտ կոռուպցիոն սխեմաների մեջ: Հիմա հասկացա՞ք ինչից եք պրծել», - Ֆեյսբուքում գրել էր իշխանական պատգամավորը:
«Այստեղ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ տարիներ շարունակ բուժհաստատությունը չի ստուգվել պետության կողմից, ծառայությունները մատուցել է շատ ցածր որակով, ինչի մասին վկայում են մեր հազարավոր քաղաքացիները, ովքեր երբևէ օգտվել են էդ բուժհաստատություններից, և բացի սրանից, այ էսպիսի աղաղակող բացահայտումներ ենք ունենում իշխանափոխությունից հետո, երբ պետության հատկացրած գումարները պարզապես յուրացվել են», - ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Հիշեցնենք՝ Արա Մինասյանի փաստաբաններն ավելի վաղ հայտարարել են, որ մեղադրանքը անհիմն է և չպատճառաբանված։ «Ազատության» հետ զրույցում փաստաբան Տիգրան Ղազարյանն ասաց, որ իրենց համար զարմանալի է, թե նախաքննական գաղտնիքի առկայության պայմաններում ինչպես է պատգամավորը նման հայտարարություն կատարել, և որ իրենք դիմելու են նախաքննական մարմին՝ պարզաբանում ստանալու՝ արդյո՞ք այս հայտարարությունը նախաքննական գաղտնիք է, թե՞ ոչ։
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։
Անցած դեկտեմբերին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ արգելանք է դրվել Մինասյանի հաշիվներում առկա՝ ընդհանուր 272 հազար 900 դոլար գումարի, նրան պատկանող՝ Երևանի երկու բնակարանների, Կոտայքի և Շիրակի մարզերում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև շարժական գույքի վրա: Մինասյանի անհատական բանկային պահատեղիներից առգրավվել է 30 հազար դոլար, 15 հազար եվրո, 31 հատ 999,9 հարգի ոսկու ձուլակտորներ և զարդ՝ ընդհանուր շուրջ 500 գրամ քաշով, ինչպես նաև՝ 39 հատ տարբեր չափերի ոսկե և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ: Մինչև իրեն մեղադրանք ներկայացնելը՝ 2018-ի հուլիսի 27-ին Արա Մինասյանն ազատվեց տնօրենի պաշտոնից: