Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը, արխիվ

Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը:

Կարեն Խաչատրյանը հորեղբոր՝ Գագիկ Խաչատրյանի հետ կշարունակի մնալ կալանքի տակ:

Փաստաբան Ամրամ Մակինյանը որոշումը անհիմն է որակում․ «Բողոքը մեր մերժվեց ամբողջությամբ ու այն համատեքստում, էն հիմքերի ու հիմնավորումների սահմաններում, որ մենք ներկայացրել էինք բողոքը, ես նախորդ անգամ հարցազրույց տալուց նշեցի՝ էն իմաստով, որ առավել քան հիմնավորված էր, որ մեղադրանքը օրինական չէ: Առնվազն ես՝ որպես փաստաբան, զարմացած եմ, բայց նաև հայտնի իրողությունները հաշվի առնելով՝ այն, որ դատարանները մեծ ճնշման ներքո են, այլ սպասելիքներ անձամբ ես քիչ ունեի»։

Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրող կողմի, Կարեն Խաչատրյանը հաստատել է 7 անձի աշխատաժամանակի տեղեկագրեր, ովքեր աշխատավարձ են ստացել, սակայն աշխատանքի չեն ներկայացել:

«Մեր համար վերաքննիչ դատարանի որոշումը առնվազն զարմանալի էր, թե ինչ մտավախություններ ունի վերաքննիչ դատարանը։ Վերաքննիչ դատարանում էլ նշեցինք, հիմնավորեցինք և փաստարկեցինք, որ էն մտավախությունները, որ առաջին ատյանի դատարանը հայտնել է Կարեն Խաչատրյանի մասով, անազատության մեջ գտնվելու պայմաններում կխոչընդոտի ենթադրյալ մինչդատական վարույթում գործի քննությանը, դրանք ի չիք դարձած ենթադրություններ են այն իմաստով, որ Կարեն Խաչատրյանը ընդհանրապես դատավարության տվյալ մասնակիցներին բացարձակապես չի ճանաչում», - նշեց Մակինյանը։

Փաստաբանը մինչդեռ պնդում է՝ մեղադրանքը հաստատող որևէ փաստական հանգամանք գործում չկա: Ամրամ Մակինյանը շեշտադրում է՝ թեև Կարեն Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում, բայց, այնուամենայնիվ, մեղադրանքում նշված 192 մլն դրամը գտնվում է դատախազության դեպոզիտային հաշվին: Ի դեպ, Խաչատրյանն իր հաշիվներից օգտվել չի կարող։

«Եկեք չֆիքսեմ անուն, ազգանուն, ինչ միջոցներով, բայց Կարեն Խաչատրյանին փոխկապակցված անձանց միջոցներով է, ասենք ընկերներ, բարեկամներ կան նրանց մեջ, էդ միջոցներից է կատարվել դատախազության դեպոզիտ հաշվին ամբողջ ծավալով ենթադրյալ վնասի հատուցումը։ Նաև այս համատեքստում մեր համար վերաքննիչ դատարանի որոշումն առնվազն զարմանալու է», - ասաց Ամրամ Մակինյանը։

Փաստաբանը փոխանցեց, որ որոշումը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում, չբացառեց, որ ներպետական դատարանները սպառելուց հետո կդիմեմ նաև ՄԻԵԴ: Բացի այդ առաջին ատյանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կայացրած որոշման հետ կապված փաստաբաններն արդեն դիմել են արդարադատության նախարարություն պահանջով կարգապահական վարույթ հարուցել դատավորի նկատմամբ։ Նման պահանջ փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրել է նաև վերաքննիչում Գագիկ Խաչատրյանի կալանքի գործով առաջին ատյանի որոշումը անփոփոխ թողած դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ։ Վերաքննիչ դատարանում Կարեն Խաչատրյանի կալանքի որոշումը անփոփոխ թողած դատավոր Անդրանիկ Մնացականյանի մասով, Ամրամ Մակինյանի փոխանցմամբ, որոշում կկայացնեն որոշման հիմնավորումներին ծանոթանալուց հետո նոր միայն։

«Վերքննիչ դատարանի մասով դեռևս նորից կրկնեմ՝ դատական ակտը չենք ստացել, դատական ակտը ստանալուց ուսումնասիրելուց հետո նոր էս հարցը մենք կարող ենք քննարկել, ինքներս հասկանալ», - ասաց փաստաբանը։

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 5-ին նման միջնորդություն ստացել են և նախարարությունն ուսումնասիրում է կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը: Դատական օրենսգրքով սահմանված մեկամսյա ժամկետում, ուսումնասիրությունը կատարելուց հետո, դիմողը կտեղեկացվի որոշման վերաբերյալ, ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

ԱԱԾ-ում հարուցված նույն քրեական գործի շրջանակներում Կարեն Խաչատրյանի հորեղբայրը ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մասնավորապես՝ 2008 թվականից զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2014-ից 2016-ը ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը, որն ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Գագիկ Խաչատրյանին՝ «սուպերնախարար»:

Գրեթե ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը։

XS
SM
MD
LG