Մատչելիության հղումներ

Փոխգնդապետ Մխիթարյանի ծեծի գործով կալանավորվել է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնականի եղբայրը


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով խմբի կազմում առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Զավեն Գրիգորյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ավելի վաղ, այս գործով կալանավորվել է մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ Քննչական կոմիտեի, 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։

Իրավապահներն ավելի վաղ հայտնել էին, որ միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը ստուգելու նպատակով առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին. - «Այս պահին շարունակվում են ձեռնարկվել ակտիվ գործողություններ՝ միջադեպի մասնակից բոլոր անձանց ինքնությունը պարզելու, մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»։

Արա Մխիթարյանի հարազատները համոզված են, որ բռունցքի մեկ հարվածից նա նման ծանր վիճակում չէր հայտնվի, և պնդում են, որ նրա գլխին հարվածել են մեծ քարով:

Օգնականի կալանավորումից երկու օր անց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին, սակայն շարունակել է պնդել, որ որևէ առնչություն չունի Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով Պաշտպանության նախարարության փոխգնդապետը հայտնվել է կոմայի մեջ:

Տրդատ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել էր. - «Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս»:

Միջադեպին անդրադարձել էր նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

XS
SM
MD
LG