Մատչելիության հղումներ

2021 թվականին ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե


2021 թվականին ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Սա նախատեսված է կառավարության կողմից այսօր հաստատված հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով:

Նախագծով մի շարք քննչական վարչություններ միավորվելու են և 2021 թվականին ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, և Հակակոռուպցիոն կոմիտե, որը որպես հիմնական մասնագիտացված մարմին կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

ՊԵԿ նախագահ և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մինչ ռազմավարության հաստատումն իրենց վերապահումները ներկայացրին. երկուսն էլ ցանկանում էին պահպանել իրենց կառույցների քննչական գործառույթները, վարչապետը չհամաձայնեց նրանց հետ։

«Ես հասկանում եմ, որ ցանկացած փոփոխություն մեր մոտ վախեր է առաջացնում, բայց եկեք առանց վախերի էդ փոփոխությունների ճանապարհով գնանք, որովհետև ի վերջո դա մեր առաքելությունն է», - նշեց Փաշինյանը։

Անցումային 3 տարիների ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) օպերատիվ հատվածը շարունակելու է զբաղվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկ ՀՔԾ-ն ու Քննչական կոմիտեն առանձին դեպքերում կարող են քննել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական կայացումը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտադրեց, որ անհիմն է խոսակցությունը, թե այս ռազմավարությամբ թուլանում են ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը:

«Իմ եզրակացությունը միանշանակ է, որ այս փոփոխություններով Ազգային անվտանգության ծառայությունը միանշանակ դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ շատ ավելի լուրջ գործառույթներով և շատ ավելի խորքային, բովանդակային գործառույթներով և ըստ էության պիտի դառնա մեր ժողովրդի, պետության անվտանգության ողնաշարը և նույնն էլ, ըստ էության, վերաբերում է Ոստիկանությանը», - ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ԱԱԾ տնօրենի տեղակալ աշխատած, ներկային ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նկատեց՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն օպերատիվ աշխատանքի փորձ ունեն, և ստեղծել մի նոր կառույց, որը պետք է զբաղվի դրանով, ժամանակատար աշխատանք է, որը կարող է հաջողությամբ չպսակվել, միևնույն ժամանակ հարկ համարեց ասել՝ այնպես չի, որ ԱԱԾ աշխատակիցները ցանկանում են տնտեսական հանցագործություններով զբաղվել։

«Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը էդքան էլ իրանց սրտով չէ՝ հենց աշխատողների շատ հաճախ։ Էդքան էլ բան չի, որ իրանք շատ ուզում են, որ դա անեն և տնտեսական հանցագործություններով զբաղվելը ահագին իրա բանը թեքում է, և պետք չի էդ բնագավառն իրանց հետ լինի», - ասաց Ցոլակյանը։

Ըստ ռազմավարության նախագծի դատավորների հետ կապված գործերը վերջնականապես քննվելու և լուծվելու են Բարձրագույն դատական խորհրդում, այն բանից հետո, երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գույքային դրության հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցի: Նախագիծը Վենետիկի հանձնաժողովում է և կառույցը իր կարծիքը կհաստատի հոկտեմբերի 11-13-ի նիստի ընթացքում: Մինչ այդ Փաշինյանը հայտարարեց՝ ըստ էության սա նույն վեթինգն է, որին իրենք պարզապես այլ անվանում են տվել։

«Հիմա կան էդպիսի հայտարարություններ, որ «կառավարությունը հայտարարեց վեթինգ, հետո վեթինգից հրաժարվեցին», ուղղակի ուղիղ ասում եմ, քանի որ մենք հասկացանք՝ էդ բառն ինչ-որ ալերգիաներ է մեծ առաջացնում, մենք որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը լինի ուրիշ և տրամաբանությունը՝ այն է, որ մենք ի՞նչ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատավորի, պաշտոնյայի բարեվարքությունը ստուգելու գործում մեխանիզմներ պետք է լինեն և մենք այդ մեխանիզմները հետևողական, քայլ առ քայլ իրականացնում ենք, ստեղծում ենք», - նշեց վարչապետը։

Նախագծի առանցքային կետերից է հայտարարագրման համակարգի ամբողջական փոփոխությունը. մեծացվում է հայտարարատուների շրջանակը, ինչպես նաև փոխվում է հայտարարագրերի բովանդակությունը։

Ռազմավարության շրջանակներում է նաև որոշ ընդդիմադիրների կողմից քննադատված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը և միջազգային ստանդարտներին դրանց համապատասխանելիությունը: Ռազմավարության ֆինանսական գնահատականը այս պահին 16 մլրդ 528 մլն դրամի շրջանակում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG