Մատչելիության հղումներ

Հաստատվեց Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը


Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։ Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել Կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով։ Կառավարության նիստին այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ըստ նախարարի, նախատեսվում է, որ 2021 թվականին ստեղծվի հակակոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմին Հակակոռուպցիոն կոմիտե (ՀԿԿ) անվամբ։ Նախագծով նախատեսվում է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են և 2021-ին լինելու է երեք քննչական մարմին՝ Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի հիմնական մասնագիտացված մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարից հետաքրքրվեց, թե դատական համակարգին վերաբերող հարցերով, ըստ ռազմավարության, ովքեր են զբաղվելու։

«Բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, ըստ էության, լինելու է այն մարմինը, որը էդ հարցերով զբաղվելու է, ճի՞շտ է», - հարցրեց Փաշինյանը։

«Մեծամասամբ այո, պարոն վարչապետ, բայց մի քանի դրվագ կա, որ պետք է համոզված լինենք, որ հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պատասխանատու լինի, օրինակ՝ պատգամավորների մասով։ Դատավորների մասով արդեն ունենք կոնկրետ նախագիծ, որը վերաբերում է գույքային դրության հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության ավելացմանը՝ դա վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, այսինքն՝ վարույթ հարուցող և իրականացնող մարմինը բացառապես ԿԿՀ-ն է, որոշում կայացնողը վերջնական՝ Բարձրագույն դատական խորհուրդը», - պատասխանեց Բադասյանը։

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորեց նաև Ազգային անվտանգության ծառայության դերը, խոսեց կառույցի ուժեղացման անհրաժեշտության մասին։

Վարչապետի այս մտքերին արձագանքեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Հիմնական գործառույթները բոլորս գիտենք, որ հետախուզություն, հակահետախուզությունն է և տեռորիզմի դեմ պայքարը և տնտեսական հանցագործություններով զբաղվելը ահագին իրա բանը թեքում է, և պետք չի էդ բնագավառն իրանց հետ լինի», - մասնավորապես ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG