Մատչելիության հղումներ

Վարչապետը և Լիտվայի խորհրդարանի խոսնակը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հարցեր


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի խորհրդարանի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հարցեր։

Վարչապետն ընդունելով Լիտվայի խորհրդարանի խոսնակի գլխավորած պատվիրակությանը՝ նշել է. «Հայաստանի համար Լիտվան կարևոր գործընկեր է, ում հետ մենք ցանկանում ենք զարգացնել կապերը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Մենք ունենք բարեփոխումների մեծ օրակարգ, և այդ գործընթացում Եվրոպական միությունը մեր երկրի կարևորագույն գործընկերներից է: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ անդամ երկրների, Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը և փորձի փոխանակումը, որն ավելի առարկայական կդառնա ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտից հետո: Միևնույն ժամանակ պետք է ակտիվ աշխատենք մեր երկկողմ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»։

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, Վիկտորաս Պրանցկետիսը նշել է, որ լիտվական կողմը համակարծիք է Հայաստանի վարչապետի հետ, և հենց այդ՝ երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով էլ Լիտվայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Հայաստան, իսկ մյուս տարի սպասվում է նաև Լիտվայի վարչապետի այցը Հայաստան:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում հարաբերությունների խորացումը: Լիտվան ողջունում է թավշյա հեղափոխությունը, ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները և պատրաստ է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, կիսվել բարեփոխումների իր փորձով ու հաջողություններով, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ոլորտում», - ասել է Լիտվայի խորհրդարանի խոսնակը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լիտվան նաև կարող են զարգացնել արդյունավետ համագործակցություն տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, բնապահպանական, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:

Կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության զարգացման և ամրապնդման հարցի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG