Մատչելիության հղումներ

Բացահայտվել է դիտավորյալ ավտովթարներ կազմակերպելու և խաբեությամբ գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ


Երևանի փողոցներից մեկը, արխիվ
Երևանի փողոցներից մեկը, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր հաղորդում է առանձնապես խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր բացահայտելու մասին:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Հայաստանի քաղաքացին 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019-ի սեպտեմբեր ժամանակահատվածում, «նախապես որպես զոհ թիրախավորելով իգական սեռի և «ոսկե» համարանիշներով թանկարժեք մեքենաներ ունեցող վարորդներին, իր կողմից վարվող, վթարված «Դեյվու Նեքսիա» և «Վազ 21-154» մակնիշների ավտոմեքենաներով, պարբերաբար դիտավորյալ բախվել է տարբեր ավտոմեքենաների՝ ստեղծելով վթարային այնպիսի իրավիճակներ, որոնցում հնարավորություն է ունեցել մեղքը բարդել տուժող կողմի վրա, որից խաբեությամբ պահանջել և ստացել է մոտ 600 հազար ՀՀ դրամի գումար, պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 4 միլիոն 697 հազար ՀՀ դրամի վնաս»: «Որոշ դեպքերում էլ ապահովագրական ընկերություններից որպես վթարի փոխհատուցում նույնպես խաբեությամբ գումար է ստացել՝ մոտ 350 հազար ՀՀ դրամ», - փոխանցում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Բերման ենթարկվելուց հետո հիշյալ անձը խոստովանել է կատարած առերևույթ հանցագործությունները։ Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG