Մատչելիության հղումներ

Մակունցը «անհասկանալի» է որակում ՍԴ դիմելու նախագծի առնչությամբ ԲՀԿ-ի դիրքորոշում չհայտնելը


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, արխիվ

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «անհասկանալի» է որակել «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) դիրքորոշում չհայտնելը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագծի առնչությամբ:

Նախագծի քննարկումն, ամենայն հավանականությամբ, վաղը կամ ուրբաթ կանցկացվի, դրան կհաջորդի գաղտնի քվեարկությունը:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար առնվազն 80 օրենսդրի ձայներ են անհրաժեշտ, «Իմ քայլը», հիշեցնենք, 88 պատգամավոր ունի:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր հայտնեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի նախագծի քվեարկությանը:

Խորհրդարանի ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել է, որ կողմ կքվեարկեն որոշման նախագծին։

Որոշման նախագիծը «Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել գրեթե երկու շաբաթ առաջ: 94-էջանոց փաստաթղթում հայաստանյան օրենսդրության և միջազգային դատարանների նախադեպերին հղում անելով՝ ներկայացվել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը:

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են ՍԴ առնվազն 6 դատավորների քվեները:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG