Հոլիվուդի գերաստղ Թոմ Քրուզին երկուշաբթի օրը Ուկրաինայի մայրաքաղաքում ընդունել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Իսկ երեկ աստղը, նրան ուղեկցող սցենարիստ Քրիսթոֆեր ՄըքՔուարին դիտել են Կիևի տեսարժան վայրերը, քայլել են փողոցներով, ողջունել երկրպագուներին, փողոցային նվագախումբն էլ Քրուզի պատվին կատարել է «Առաքելությունն անհնարին է» (Mission Impossible) ֆիլմի մեղեդին: Ընդ որում, զբոսավարի դերում հանդես է եկել անձամբ Կիևի քաղաքապետը՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն:
«Զգում եք էներգիան, շատ հյուրասեր, բարեկամներ սիրող ժողովուրդ է, հրաշալի մարդիկ են քաղաքում, հզոր էներգիա, և կան շատ տեղեր, որ այցելեք ու վայելեք, գեղեցիկ զգացական րոպեներ ապրեք», - ասել է Կլիչկոն աշխարհահռչակ դերասանին:
Քրուզի հաջորդ ֆիլմը գուցեև կնկարահանվի Կիևում, և հավանաբար հենց դա է նրա այցի պատճառը:
«Միշտ համեցեք, հուսով եմ՝ հաջորդ անգամ ավելի երկար ժամանակ կտրամադրեմ Ձեզ», - ասել է Կլիչկոն:
«Շնորհակալ ենք մեզ ժամանակ տրամադրելու համար, շատ օգնեցիք, շատ զգացված ենք, և մարդիկ իսկապես շատ ջերմ են, շնորհակալ ենք», - արձագանքել է Քրուզը:
Թե ինչ ֆիլմ կլինի, ինչ սյուժե, այս պահին տեղեկություններ չեն հաղորդվում, բայց կարելի է ենթադրել, որ դա կլինի «աքշըն»՝ Քրուզն այդ ժանրի մեծ վարպետներից է:
Իսկ Կիևը ներկայումս ընդունում է օրենքներ, որոնք Ուկրաինան գրավիչ կդարձնեն արտասահմանյան կինոընկերությունների համար: