Մատչելիության հղումներ

24 ժամվա ընթացքում Հայաստանում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Նիկոլ Փաշինյան


Հայաստանում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։

Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը հետևել է պահեստազորի պարապմունքներին, դիտել մարտական պատրաստվածությունը և զինտեխնիկայով հագեցվածությունը ներկայացնող զենքի կիրառության դրվագներ։

Վարչապետի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Փաշինյանը դիմելով զորավարժությունների մասնակիցներին՝ նշել է. «Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ: Արդեն 4 օր զորավարժությունները տեղի են ունենում և կարող ենք արձանագրել, որ դրանց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են: Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն մեր Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ դուք՝ Հայաստանի Հանրապետության պահեստազորում գրանցված քաղաքացիներդ, շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել եք Հայաստանի Հանրապետության կառավարության կոչին և զինվորագրվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:

Վարչապետն արձանագրել է, որ զորավարժությունների մեկնարկից հետո 24 ժամվա ընթացքում ՀՀ զինկոմիսարիատներում քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք շտապել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ։

«Սա չափազանց կարևոր է, որովհետև արդեն կարող ենք ասել, որ այս զորավարժությունները մեզ տվեցին վստահություն, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մարտունակ են, Հայաստանի Հանրապետության հանրությունը մարտունակ է, և մենք միասին կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության՝ մեր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու հարցում», - ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է՝ այս զորավարժությունները ցույց տվեցին, որ ունենք տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխգործակցության բավականին բարձր մակարդակ, ինչը նույնպես վստահություն է տալիս երկրի պաշտպանունակության առումով:

«Ես ուզում եմ նաև ձեր ընտանիքներին շնորհակալություն հայտնել, որոնք այս ընթացքում առանց տրտնջալու և նույնիսկ գոհունակությամբ են արձանագրում, որ իրենց ամուսինները, որդիները, հայրերը մասնակցում են հայրենիքի պաշտպանության գործին: Ես ուզում եմ բոլորիս մաղթել հաջողություններ, ես հիմա արդեն համոզված եմ, որ զորավարժություններն արդեն իսկ ունեն լավ արդյունքներ և բոլորդ այստեղից ձեր քաղաքացիական կյանքին կվերադառնաք բարձր տրամադրությամբ, մարտունակության, միասնականության, կամքի և վճռականության ոգին տարածելով նաև քաղաքացիական կյանքում: Չնայած հիմա մենք ոչ քաղացիական կյանքում, ոչ էլ Զինված ուժերի շրջանում նման մթնոլորտի պակաս չունենք, բայց այդ մթնոլորտների ներդաշնակեցումը, համակցությունը, համադրումը շատ կարևոր է մեր երկրի համար», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկիրն այս զորավարժությունների արդյունքում ցույց է տալիս իր մարտունակությունը, իր կենսունակությունը և պետություն-կառավարություն-հանրություն համագործակցության և վստահության բացառիկ բարձր աստիճան։

Ըստ հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային կորպուսի հրամանատարության և Սյունիքի մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստականությանը, իրական իրավիճակին և մարտական խնդիրներին վերաբերող հարցեր։

Այնուհետև վարչապետը Սուրեն Պապիկյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սիսիան քաղաքում, զրուցել բնակիչների հետ: Վարչապետին են ներկայացվել Սիսիան խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը: Քաղաքապետը նշել է, որ ներկայումս շինարարության մեջ ունեն 40 թափուր աշխատատեղ՝ օրական 6 հազար դրամ աշխատավարձով: 1 միլիարդ 150 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների, շենքերի տանիքների նորոգման, ջրագծերի կառուցման աշխատանքներ: Մուծք գյուղում համայնքի համաֆինանսավորմամբ ՝ 31 միլիոն դրամով, իսկ Անգեղակոթում՝ 200 միլիոն դրամով ջրագիծ է կառուցվում:

Սիսիանում վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել նաև Սուրբ Հովհաննես եկեղեցի:

XS
SM
MD
LG