Մատչելիության հղումներ

ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները՝ ոչ այնքան հաշտ մթնոլորտում


Երևանի Պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը, արխիվ

Երևանի Պետական համալսարանի (ԵՊՀ) 100-ամյակի միջոցառումները այնքան էլ հաշտ մթնոլորտում չեն ընթանում: Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո ռեկտորի պաշտոնակատար ընտրված Գեղամ Գևորգյանի և արհեստակցական միության միջև լարվածություն կա՝ պատճառը բուհի ղեկավարի 29 աշխատակիցներին ազատելու որոշումն է։ Օրերս գիտխորհրդի արտահերթ նիստը տապալվեց, փայլուն չեն ուսխորհրդի և բուհի ղեկավարության հարաբերությունները: ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, որը կրթության նախարարի կուրսընկերն է, այդ պաշտոնում նշանակվել է նախարար Հարությունյանի «ճնշմամբ»:

Մայր բուհի 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստից հետո «Ազատության» հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով իր անվան հետ կապվող պնդումներին, ասաց՝ համալսարանում բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ ունի։ Նախքան նախարար նշանակվելը Հարությունյանը դասավանդում էր ԵՊՀ-ում:

«Կարող են լինել էնպիսի նշանակումներ բուհում, որոնք կհամընկնեն իմ ընկերների, էն մարդկանց հետ, ովքեր իմ ընկերներն են, ու դա նորմալ երևույթ է, ըստ էության: Մեկը գտան, բայց Արթուրը Իսրայելյան շատ երկար ժամանակ ղեկավար պաշտոն է զբաղեցնում բուհում և, կարծում եմ, շատ արժանի թեկնածու է», - նշեց նախարարը:

Բուհի ղեկավարության և արհեստակցական միության միջև ծագած խնդիրը, ըստ Հարությունյանի, համալսարանինն է․ - «Մենք հարգում ենք բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները: Ըստ էության, դա բուհի ներքին խնդիրն է, և կարծում եմ, որ պետք է ներքին խնդիրները ներսում լուծվեն, եթե չեն լուծվում համապատասխան ատյանների միջոցով: Նորմալ գործընթացներ են, հետհեղափոխական»:

Նախարարի գնահատմամբ՝ բուհերում վերջին շրջանում լուրջ և շեշտակի փոփոխություններ են տեղի ունենում, և այսպիսի արձագանքները բնական են, քանի որ, նրա խոսքով, կարծրացած համակարգեր են կոտրվում: Հարությունյանն անդրադարձավ նաև ուսխորհուրդների գործունեությանը՝ ընդգծելով, որ այդ կառույցներում էլ կան կարծրացած համակարգեր, որոնք փոխվելու կարիք ունեն․ - «Կցանկանայի, որ է՛լ ավելի ակտիվ լինեն, և հեղափոխական փոփոխություններից հետո, որ քաղաքական դաշտում տեղի ունեցան, նաև ուսխորհուրդներում էդ փոփոխությունները ավելի ակտիվ լինեն: Որոշ բուհեր էդտեղ հաջողել են, որոշները, կարծում եմ, ապագայում կինքնակազմակերպվեն»:

Քննարկան առարկա էր դարձել նաև Մայր բուհի 100-ամյակի խնջույքը «Ֆլորենս» ռեստորանում անցկացնելու՝ համալսարանի ղեկավարության որոշումը, որը, ըստ մի շարք լրատվամիջոցների, պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Ըստ մի շարք հրապարակումների՝ 400 հոգու համար նախատեսված խնջույքի համար բուհը 20 միլիոն դրամ է վճարել, սակայն ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ գումարը մոտ 10 միլիոն է կազմում:

«Վերջին հավաքը, գալա միջոցառումը բուհի միջոցներից են, և, ըստ էության, բուհն է որոշել՝ որտեղ անել, ինչ ծավալով անել և իր հյուրերին ինչպես պատվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

XS
SM
MD
LG