Մատչելիության հղումներ

Արամ Սիմոնյանը պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը


ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյան, արխիվ
ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյան, արխիվ

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն արդեն այսօր պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը, «Ազատությանը» փոխանցեց համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը։

Ըստ ընթացակարգի՝ 7-օրյա ժամկետում խորհուրդը կընտրի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչից հետո արդեն հոգաբարձուների խորհուրդը կհայտարարի, թե երբ է լինելու նոր ռեկտորի ընտրությունը, բայց թե հստակ օրը երբ կլինի, դեռևս պարզ չէ։

«40 օր առաջ լրատվական կայքերում, թերթերում հայտարարություն է տեղադրվում, թեկնածուներ են առաջադրվում, և ըստ ընթացակարգի ու կանոնակարգի շարունակվում է գործընթացը։ Մինչև վեց ամիս թույլատրված է կամ օրենքը թույլ է տալիս, որ ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնավարի, օրինակ, ռեկտորի պաշտոնի, որից հետո արդեն հայտարարվում է մրցույթ, որի մասին արդեն մանրամասն կծանուցվի», - նշեց Իսրայելյանը։

Նա հավելեց՝ այս պահին դեռևս ոչ ժամանակավոր պաշտոնակատարի անունն է հայտնի, ոչ էլ ռեկտորի նոր հնարավոր թեկնածուի:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Արամ Սիմոնյանի հրաժարականին, ասաց՝ «ափսոս, որ այդքան ուշ որոշեց՝ հերթական անգամ ԵՊՀ-ն տարիներով հետ գցելով»։ Պնդեց՝ Սիմոնյանի օրոք ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել։

13 տարի համալսարանը ղեկավարած Արամ Սիմոնյանը երեկ հենց Կրթության և գիտության նախարարությանն էր մեղադրել համալսարանում աճող լարվածության համար:

«Հեռանալուց էլ պետք է արժանապատիվ հեռանալ», - ընդգծեց Հարությունյանը։

«Ազատության» հարցին՝ արժանապատիվ չհեռացա՞վ, Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ էն, ինչի մասին ինքը խոսել է, դրա մասին չի խոսում»։

Սիմոնյանը իր հրաժարականի ելույթի պատկառելի մասը նվիրել էր համալսարանի հարյուրամյակի կապակցությամբ պաշտոնական ոչ մի ուղերձ ու շնորհավորանք չստանալու հանգամանքին: Արայիկ Հարությունյանն ասաց՝ հերթական անգամ Սիմոնյանը կեղծում է։

«Ինքն է հայտարարել, որ հիմնական միջոցառումները լինելու են աշնանը, և ամսի 16-ը պարզապես որոշման կայացման օրն է, ԵՊՀ-ն ինքը տոնակատարություններին նախապատրաստվում է աշնանը։ Հերթական անգամ այդ մարդը կեղծում է, հենց սրա համար եմ ասում, որ հեռանալն էլ պետք է լինի արժանապատիվ, ոչ թե էդպես», - նշեց նախարարը։

Հեղափոխությունից հետո Սիմոնյանի հրաժարականի պահանջով մի քանի բողոքի ակցիաներ տեղի ունեցան, նրա անունն առնչվում է նաև բուհում խոշոր չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի հետ: Մինչդեռ երկարամյա ռեկտորը պնդում էր, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում, քանի որ նախկին իշխող ուժի՝ Հանրապետականի անդամ է:

Մի քանի շաբաթ առաջ կրթության նախարարը հայտարարել էր, թե լրջագույն խնդիրներ է տեսնում Սիմոնյանի պաշտոնավարման մեջ, պնդելով, որ այս ռեկտորի օրոք համալսարանը չի կարող զարգանալ: Ի պատասխան «Ազատության» հարցի, նախարարը կտրականապես հերքեց, թե նման հայտարարությունները կարող են որպես ճնշում ընկալվել: «Դեմոկրատական երկիր է, դեգրադացիայի մասին պետք է խոսել, և ես խոսել եմ այդ մասին», - հայտարարեց նա:

Արամ Սիմոնյանը երեկ հայտարարել էր՝ տեղյակ է, որ փոխելու են հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան իրեն հանելու «հաճույքը ստանալ»։ Նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն, ասաց՝ եթե ցանկանային խորհրդի կազմի լուծարում, ապա ավելի վաղ կլիներ։

Հարցին՝ հոգաբարձուների խորհրդի փոփոխություն սպասվո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Ոչ, եթե էդ մարդիկ իրենք դիմում չներկայացնեն ինչ-ինչ պատճառներով: Դուք գիտեք, որ մենք արդեն մի քանի ամիս է՝ ավելի քան կես տարի է ունենք հոգաբարձուների խորհուրդ բոլոր համալսարաններում, և փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Տեղի է ունեցել մի փոփոխություն անձնական պատճառներով այլ բուհում՝ մենք փոխարինել ենք մի հոգու, և որևէ խնդիր չկա»։

Արամ Սիմոնյանի որոշումը անսպասելի էր նրա հրաժարականի պահանջով մի քանի անգամ բողոքի ակցիաներ անցկացրած ԵՊՀ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների համար:

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ընդգծեց. «Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ի այդ խնդիրների մասին, որ մենք բարձրացրել ենք, դրա մի մասն է եղել։ Բայց այդ արատավոր երևույթները դեռևս շարունակվում են, որովհետև դրա կրողները եղել են սկսած ուսանողական կառույցներից, վերջացրած դեկանատներով, մարդիկ։ Հոգաբարձումների խորհուրդը պարտավոր է անցյալին գնահատական տալ, այն ամենին, ինչ տեղի է ունեցել ԵՊՀ-ում՝ հաշվի առնելով նաև Արամ Սիմոնյանի հարժարականը։ Արամ Սիմոնյանի հրաժարականը ցույց է տալիս, որ ինչ-որ խնդիր կա չէ՞։ Էդ խնդիրների հետ կապված հոգաբարձուների խորհուրդը պարտավոր է անցյալին գնահատական տալ երեք մասով առնվազն՝ տարկետման խնդիրը, բռնաճնշումները ու երիտասարդական հիմնադրամին տրված մեծ գումարները»։

«Տրամաբանական է, որ կարող է 100-ամյակի ստվերումը, 100-ամյակի պակաս լուսաբանումը, պակաս ազգային տոնի վերածումը պատճառ հանդիսանալ, որպեսզի պարոն Սիմոնյանը հրաժարական տար», - նշեց «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG