Ֆրանսիայի կառավարությունը 2020 թվականի պետբյուջեում հարկերի կրճատում է նախատեսել՝ հույս ունենալով, թե դա կօգնի մեղմել հասարակության վրդովմունքը, որն արտահայտվել էր «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերով:
Երկրի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերը երեկ հայտարարել է, որ բողոքի ցույցերի հետևանքով առաջացած «սոցիալական ճգնաժամը», ինչպես նաև գլոբալ տնտեսական աճի դանդաղումը իրենց ստիպել է որոշում կայացնել՝ ուղղված ներդրումների և սպառման խթանմանը։
Բյուջեի նախագծով ծրագրվում է հարկերի կրճատում տնային տնտեսությունների համար 9,3 միլիարդ եվրոյով, իսկ բիզնեսի համար՝ ավելի քան 1 միլիարդ եվրոյով: