Մատչելիության հղումներ

Անտառապահների և փրկարարների աշխատավարձերը կբարձրանան


ԱԻՆ աշխատակիցը անտառային հրդեհի մարման աշխատանքների ժամանակ, արխիվ
ԱԻՆ աշխատակիցը անտառային հրդեհի մարման աշխատանքների ժամանակ, արխիվ

Այսօր ընդունած որոշմամբ կառավարությունը կհատկացնի 43 միլիոն 992 հազար դրամ՝ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավելի քան 20 տոկոսով՝ 20 հազարական դրամով: Անտառապետերի միջին աշխատավարձը կազմում է 90 հազար, իսկ անտառապահներինը՝ 75 հազար դրամ:

Կառավարությունը նաև փոփոխություն է կատարել «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» որոշման մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ փոփոխությունը պայմանավորված է փրկարար ծառայողների համար հավելումների վճարման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով, փրկարար ծառայությունում հավելումների տրամադրման դեպքեր սահմանվել են միայն ատոմակայանի տարածքում տեղակայված փրկարարական ջոկատի կողմից հատուկ ծառայության համար, այն դեպքում, երբ այլ փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում հավելումներ չեն նախատեսվում, և ներկայումս հատուկ պայմաններում ծառայություն կատարող փրկարարների կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձը կազմում է 85-90 հազար դրամ, ինչը չի համապատասխանում նրանց կատարած աշխատանքին: «Նրանք ոչ միայն վտանգում են իրենց կյանքը, այլև դա իրականացնում են ֆիզիկական ու հոգեկան ծանրաբեռնվածության պայմաններում: Որոշմամբ նախատեսվում է 2019-ի բյուջեում մոտ 475 մլն դրամ, իսկ 2020 թվականի բյուջեում 1,903 մլրդ դրամ ծախսերի ավելացում», - ասել է Ցոլակյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է աշխատավարձի ֆոնդի 29 տոկոսի չափով բարձրացում, հիմնական բարձրացումը լինելու է շարքային անձնակազմի համար: Ըստ նախարարի՝ կրտսեր խմբի աշխատակիցների աշխատավարձն այս փոփոխությամբ կդառնա 130 հազար դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG