Մատչելիության հղումներ

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարները եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումը կանցկացնեն Հայաստանում 2020-ի հունվարին


.
.

Նիկոսիայում հունիսի 4-ին կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ երկրների արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Յորգոս Կատրուգալոսի և Նիկոս Քրիստոդուլիդեսի մասնակցությամբ:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, արտգործնախարարները համաձայնության են եկել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակն ընդլայնված քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով երեք երկրների միջև խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է։

Արտգործնախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տեղեկատվական տեխնոլոգիաները և նորարարությունը, զբոսաշրջությունը և մշակույթը:

Մասնակիցներն ուրվագծել են եռակողմ ձևաչափով ձեռնարկվելիք հետագա քայլերը: Այդ առնչությամբ որոշում է կայացվել երկրի ղեկավարների՝ եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում 2020թ. հունվարին։

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հիմնախնդրի հանգուցալուծման առնչությամբ Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարներն իրենց աջակցություն են հայտնել դրանց ամրապնդմանն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործըկերության համաձայնագրի շրջանակներում:

Հանդիպման ավարտին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն:

Նույն օրը Զոհրաբ Մնացականյանը, Յորգոս Կատրուգալոսը և Նիկոս Քրիստոդուլիդեսը հանդիպում են ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG