Սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո Հայաստանի տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ, զգուշացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Հաղորդագրության համաձայն՝ այսօր ցերեկը հյուսիսային շրջաններում, վաղը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 8-10, սեպտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում` 20-22 մ/վ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների հետևանքով բեռնատարների համար փակ է, որպես այլընտրանքային է սահմանված Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:
Սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան: