Մատչելիության հղումներ

Բայդեն․ ԱՄՆ-ը պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը, հայտարարում է ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին սեպտեմբերի 16-ին հղած նամակում, որի տեքստը հրապարակել է Հայ դատի հանձնախումբը, Բայդենը մասնավորապես գրել է․ - «Հարգելի՛ ընկերներ, շնորհակալ ենք ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու նպատակով ձեր շարունակական հանձնառության և առաջնորդության համար: Այն ժամանակ, երբ ժողովրդավարական սկզբունքներն ամբողջ աշխարհում հարձակման են ենթարկվում, և տասնամյակների առաջընթացը վտանգված է, համարձակ առաջնորդությունը, ի պաշտպանություն մեր ընդհանուր արժեքների և ապագայի նկատմամբ մեր ընդհանուր տեսլականի, ավելի կարևոր է դառնում, քան երբևէ»:

«ԱՄՆ-ը վերջնականապես պետք է հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների մասին, որոնք 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայի զանգվածային տեղահանման պատճառ են դարձել: Եթե մենք լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «Այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և համոզիչ ապագա սերունդների համար, ինչպես նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար», - ընդգծել է ԱՄՆ նախկին փոխնախագահը՝ ամփոփելով․ - «Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացել են ձեր ձայնի և ձեր առաջնորդության շնորհիվ, և ես հավատում եմ, որ շարունակելու եք խոսել և պայքարել անարդարության դեմ, որտեղ էլ այն լինի»:

Հայ դատի հանձնախումբը նշում է, որ որպես սենատոր` Բայդենը շարունակաբար աջակցություն է ցուցաբերել ամերիկաբնակ հայերի խնդիրներին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնություններին: Նա նաև 2007-ին ներկայացված և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված բանաձևի հեղինակն է, որով կոչ էր արվում հարգել թուրքաբնակ հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, որը սպանվել է Հայոց ցեղասպանության հարցը բարձրացելու համար:

«Այնուամենայնիվ, Օբամա-Բայդեն վարչակազմն իշխանության գալուց հետո՝ պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում, դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված բոլոր գործընթացներին` շարունակելով լինել Թուրքիայի ժխտողական քաղաքականության մի մասը», - շեշտում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Հիշեցնենք, ըստ հարցումների՝ Բայդենը ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատների առաջատար թեկնածուն է:

XS
SM
MD
LG