Մատչելիության հղումներ

Հայտնի են ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի 5 թեկնածուների անունները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի հինգ հավանական թեկնածուների անունները: Պաշտոնը թափուր է մնացել Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո:

Reuters-ի փոխանցմամբ, նրանցից չորսն աշխատել են Ազգային անվտանգության խորհրդում:

Այդ ցանկում են Ազգային անվտանգության խորհրդի նախկին փոխխորհրդական Ռիքի Ուադելը, փոխնախագահ Մայք Փենսի անվտանգության հարցերով խորհրդական Քեյթ Քելոգը, արտաքին քաղաքականության ոլորտում հեղինակավոր մասնագետ և բանագնաց Ռոբերտ Օ՚Բրայենը, Կենտրոնական հետախուզական վարչության սպա, Ազգային անվտանգության խորհրդի նախկին գործադիր քարտուղար Ֆրեդ Ֆլեյթցը և Էներգետիկայի նախարարության համակարգում միջուկային անվտանգության հարցերով փոխքարտուղար Լիզա Գորդոն-Հագերթին:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նշանակումը Սենատի կողմից չի վավերացվում:

Այդ պաշտոնյան նախագահին խորհրդատվական օգնություն է տրամադրում պաշտպանության, անվտանգության և դիվանագիտության հարցերում ու համարվում է ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան բարձրագույն ծառայող:

Սպիտակ տան խոսնակ Սթեֆանի Գրիշեմն ասել է, որ նախագահ Թրամփի հրապարակած ցանկը վերջնական չէ, և չի բացառվում, որ դրանում կընդգրկվեն նաև այլ թեկնածուներ:

XS
SM
MD
LG