Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «չի քննարկում ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը որևէ ձևաչափով»


ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովի մասնակիցները, 8-ը նոյեմբերի, 2018թ․

«Ադրբեջանը այս պահին չի քննարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր մասնակցությունը որևէ ձևաչափով՝ այդ թվում որպես դիտորդ», - հայտարարել է այդ երկրի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Դա Հայաստանի համար դարձել է այնպիսի ֆոբիա, որ Երևանը հարցը քննարկման է դրել, ընդ որում՝ Ադրբեջանի կողմից պաշտոնական դիմումի բացակայության դեպքում» , - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հաջիևն ընդգծել է, որ չնայած Բաքուն այդ հեռանկարում իր մասնակցությունը կազմակերպությունում չի դիտարկում, այդուհանդերձ, «Ադրբեջանը հետևում է ՀԱՊԿ-ի գործունեությանը և կազմակերպությունում քննարկվող հարցերին»:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը, հիշեցնենք, հաջորդում է Ռուսաստանի փոխվարչապետի Երևանում հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքում Բաքվին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը չի բացառվում: «Դա միայն Ադրբեջանին չի վերաբերում: ՀԱՊԿ-ը միշտ էլ կողջունի բոլոր հետխորհրդային երկրների հետ համագործակցությունը: Չէ՞ որ մենք ինչ-որ ժամանակ մի ընտանիքի մաս էինք», - մասնավորապես ասել էր Յուրի Բորիսովը։

Նախորդ տարիներին տպավորիչ տեմպերով զարգացող ռուս-ադրբեջանական քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության ֆոնին ռուսաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները, փորձագիտական հանրությունը, նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորները անցյալ տարվանից սկսած ակտիվորեն քննարկում են ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության կամ դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը:

Պաշտոնական Երևանը, սակայն, հայտարարել է, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը․ կառույցում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, այսինքն՝ պետք է համաձայն լինի նաև Հայաստանը։

1992 թվականին ձևավորված ռազմական դաշինքի վեց անդամներից երեքի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Ադրբեջանն ունի ռազմավարական հարաբերություններ: Մասնավորապես, Մոսկվան և Մինսկը հանդիսանում են Բաքվին սպառազինություն վաճառող առաջատար երկրներ: Օրինակ՝ Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրն է, տարբեր գնահատականներով՝ անցած տարիներին Ադրբեջանի ձեռք բերած սպառազինության առյուծի բաժինը գնվել է Ռուսաստանից:

Նախորդ տարվա աշնանը ռուսական «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում էր մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել։ Ալիևի մասնակցությունը նախաձեռնել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակցությամբ:

XS
SM
MD
LG