Մատչելիության հղումներ

Նավթի գնի կտրուկ աճ՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո


Սաուդյան Արաբիա - ARAMCO նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո բռնկված հրդեհը, 14-ը սեպտեմբերի, 2019թ․

Ընդամենը մի քանի ժամում նավթի գինը միջազգային շուկայում աճել է շուրջ 13 տոկոսով: Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց այսօր 70 դոլար են վճարում:

Վառելիքի գնի կտրուկ աճը արձանագրվել է Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթահորերից մեկի և նավթավերամշակման գործարանի դեմ անցած շաբաթավերջին իրականացված հարձակումներից հետո, որոնց պատասխանատվությունը ստանձնել են Եմենում գործող շիա զինյալները:

Հութիները, մասնավորապես, մեկ տասնյակ անօդաչու հարվածային թռչող սարքերի կիրառմամբ թիրախավորել են աշխարհի խոշորագույն նավթավերամշակող գործարաններից մեկը, որը պատկանում է պետական ARAMCO ընկերությանը: Աբքայքում գտնվող այս գործարանում է մշակվում Պարսից ծոցից արդյունահանվող արաբական նավթի մեծ մասը:

Հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիան, որը համարվում է աշխարհում նավթի ամենախոշոր մատակարարողներից մեկը, արդյունահանման օրական ծավալները նվազեցրել է 50 տոկոսով կամ շուրջ 6 միլիոն բարելով՝ սա կազմում է նավթի միջազգային առաջարկի մոտ 5 տոկոսը: Reuters լրատվական գործակալության աղբյուրները նշում են, որ նավթի արդյունահանման ողջ գործընթացը վերականգնելը կտևի շաբաթներ, իսկ մի մասը՝ առաջիկա օրերին: Տեղի ունեցածի մասին թագավորությունից մանրամասներ չեն հայտնում` հիմնականում կրկնում են, որ հարձակումների հետևանքով զոհեր չկան:

Ամերիկյան շուկայում նավթամթերքի հնարավոր պակասորդից խուսափելու համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կարող է թույլատրել վառելիքի ռազմավարական պաշարների օգտագործումը: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ում՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառույցների դեմ հարձակումը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, թե Վաշինգտոնում տեղյակ են՝ ովքեր են հարձակման իրական մեղավորները, սակայն Միացյալ Նահանգները կոնկրետ գործողությունների կդիմի միայն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրապարակեն հարձակումների հետաքննության նախնական արդյունքները:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն համոզմունք էր հայտնել, որ հարձակման թիկունքում Իրանի իշխանություններն են: «Թեհրանն աննախադեպ հարված է հասցրել նավթի միջագզային մատակարարումներին», - հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը:

Թեհրանը կտրանականապես հերքում է բոլոր մեղադրանքները: Իրանի արտգործնախարարը, արձագանքելով ամերիկացի պաշտոնակցի հայտարարությանը, Twitter-ում գրել է. - «Առավելագույն ճնշման հանձնարարականը ձախողելով` պետքարտուղար Փոմփեոն այժմ էլ անցել է առավելագույն ստին: Միացյալ Նահանգներն ու նրա հաճախորդները Եմենում հրահրել են՝ պատրանք ունենալով, թե սպառազինության առավելությունը կարող է հաղթանակ ապահովել իրենց»:

Միջազգային փորձագետներից շատերը նույնպես համոզված չեն այդ հարձակումներում Իրանի մասնակցության հարցում՝ նկատելով, որ Եմենի հութիները սկսել են ավելի ու ավելի առաջադեմ ռազմական տեխնիկա կիրառել ի դեմս այդ անօդաչու սարքերի: Սակայն ինչպես, որտեղից են հարձակվել այդ թռչող սարքերը՝ այս հարցի պատասխանը դեռևս հստակ չէ:

ՄԱԿ-ի հետաքննչական կառույցներում ավելի վաղ հայտարարել էին, որ հութիները նոր անօդաչու թռչող սարքեր են ձեռք բերել, որոնք ունակ են հարվածել թիրախին մինչև 1500 կիլոմետր հեռավորության վրա: The Wall Street Journal թերթի տվյալներով` փորձագետները փորձում են պարզել, թե արդյո՞ք կարող էին նավթային օբյեկտների վրա հարձակվել հյուսիսից, այսինքն՝ Իրանից կամ Իրաքից, որտեղ նույնպես Թեհրանը դաշնակիցներ ուներ, և արդյո՞ք կիրառվել են դրոններ, այլ ոչ թե թևավոր հրթիռներ:

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին նախօրեին հերքել է խոսակցությունները, որոնց համաձայն՝ հարձակումը կարող էր իրականացվել իր երկրից: Իրաքցի պաշտոնյան հայտարարել է, որ կառավարությունը վճռական է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն Իրաքից հարձակում իրականացնել հարևան երկրների վրա:

Եմենում 2014 թվականին բռնկված ռազմական գործողությունները՝ Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարամետ ուժերի և իրանամետ հութի զինյալների միջև, շարունակվում են մինչ օրս: Այդ պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 10 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մոտ 2 հազար 400 երեխա: ՄԱԿ-ը պնդում է, որ Եմենի պատերազմի բոլոր կողմերը, ամենայն հավանականությամբ, պատերազմական հանցագործություններ են իրականացրել:

XS
SM
MD
LG