Մատչելիության հղումներ

Հայաստան է այցելում Գերմանիայի նախկին նախագահը


Լուսանկարը՝ Վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Վարչապետի աշխատակազմի լրատվականի

Մասնավոր այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկը, ում այսօր ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

«Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր հայտարարությունը դարձավ մեկնակետը, որի արդյունքում Գերմանիայի Բունդեսթագը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական լուրջ փոփոխություններ: «Հիմա շատերն են հարցնում, թե ինչպես հեղափոխությունը տեղի ունեցավ առանց զոհերի: Դրա պատասխանը պարզ է. մեր հեղափոխությունը հիմնված էր քրիստոնեական արժեքների վրա, որոնք թույլ են տվել առանց ցնցումների իրականացնել փոփոխությունները», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ: Որպես արդյունք` վարչապետը շեշտել է Գերմանիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը. այդ առումով գերմանացի զբոսաշրջիկների այցերի աճը երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո:

«Ինձ համար կարևոր է մարդկային այն հոգատարությունը, որը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ տածում է Գերմանիայի կանցլերը, ինչը կարևոր մարդկային գործոն է ավելացնում հայ- գերմանական հարաբերություններին: Համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունների մթնոլորտն է՛լ ավելի կլավանա», - նշել է Փաշինյանը:

«Մեզ համար շատ կարևոր է, որ գերմանական հանրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը խորապես ընկալվի: Կարևորն անցյալում տեղի ունեցած իրադարձություններն արձանագրելն է: Մենք հիանում ենք այն հանգամանքով, որ Հայաստանում տեղի են ունենում հիմնարար փոփոխություններ` ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իրավական պետություն կառուցելու ուղղությամբ», - նշել է Յոախիմ Գաուկը` ավելացնելով, որ Հայաստանի պատմական առաքելությունը պետք է լինի այս տարածաշրջանում իրական ժողովրդավարություն կառուցելը:

Նա ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը և Եվրոպական միությունը ամենայն ուշադրությամբ են հետևում Հայաստանի փոփոխություններին: Գերմանիայի նախկին նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն ունի քաղաքական կամք` Հայաստանի իրավական համակարգի զարգացմանն ու երկրում օրենքի գերակայության ամրապնդմանն օժանդակելու համար:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ իր գլխավորած կառավարության ամենամեծ առաքելությունն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի փոփոխությունը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Գերմանիայի նախկին նախագահի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իր երախտագիտությունը հայտնելով 2016 թվականին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման գործում նրա կարևոր ներդրման համար:

Վեհափառը նաև ներկայացրել է անկախության հռչակումից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայ Առաքելական եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, Հայ եկեղեցու գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:

Գերմանիայի նախկին նախագահը առաջիկա օրերին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի Հայաստանի մի շարք վանքերում և պատմամշակութային վայրերում, կծանոթանա Հայոց եկեղեցու զանազան կառույցների գործունեությանը, ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Յոախիմ Գաուկը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Խաչվերացի տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG