Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյան․ Աղվան Հովսեփյանը երևի վերածվել է Մարտի 1-ի գործի նախաքննության ակտիվ աջակցի


«Ռոբերտ Քոչարյանը կարող էր շատ ավելի հեռուն գնալ և հայտարարել, թե Մարտի 1-ի գործը չբացահայտելու համար մեղավոր է ոչ միայն Գլխավոր դատախազը, այլև իրենից հետո իշխանությունը ստանձնած Սերժ Սարգսյանը», - Ազատության հետ զրույցում նշեց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը («Իմ քայլը»)՝ անդրադառնալով երեկ դատարանում Քոչարյանի այն հայտարարությանը, որ գործը չբացահայտելու համար առաջին հերթին պետք է դատել «Գլխավոր դատախազին կամ վարույթ իրականացնող դատախազին կամ քննչական մարմիններին, որոնք պարտավոր էին գործը բացահայտել»:

Անդրանիկ Քոչարյանը շարունակեց․ - «Սերժ Սարգսյանը տասը տարի կառավարել է երկիրը, և ըստ էության, գործը ոչ թե չի բացահայտվել, հայտարարվել է, որ պետք է բացահայտվի, բայց իրականում ամեն ինչ արել են դրա չբացահայտման համար: Եվ միայն իշխանափոխությունն է, որ հնարավորություն է տվել այս գործընթացները արագ նորից առաջ տանելու, և այսօր մենք ունենք դատաքննությանը մոտ պրոցես, և ես կարծում եմ, որ դատաքննությունն է, որ տալու է այդ բոլոր հարցերի պատասխանը»:

«Ազատություն»․ - Դուք նկատո՞ւմ եք այդպիսի մարտավարություն, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է սահմանազատել իրեն որոշումների չկայացումից, գործի չբացահայտումից, որ նա որևէ կապ կարծես չունի այդ ամենի հետ:

Անդրանիկ Քոչարյան․ - Նաև մարդկանցից, որոնք որոշում կայացնողների մեջ են եղել և այսօր իրենք չկան ֆիզիկապես, մահացել են: Շատ դեպքերում ինքը հղում է անում նաև այդ մարդկանց վրա՝ ասենք Գորիկ Հակոբյանին, փախած Միքայել Հարությունյանին, մյուսներին: Դա, բնականաբար, խնդիր չի լուծում, որովհետև անուղղակի բավականին ապացույցներ կան ձեռք բերված և ցուցմունքներ, որոնք ապացուցում են հակառակը: Այնպես որ, սահմանազատվել պարզապես հնարավոր չի: Եթե շատ սահմանազատվի, մի օր էլ ինքը պետք է հրաժարվի, որ ինքը եղել է այս երկրի նախագահը:

«Ազատություն»․ - Ձեզ համար կասկածելի չէ՞, որ այս գործում դեռևս որևէ կերպ ներգրավված չէ Գլխավոր դատախազը:

Անդրանիկ Քոչարյան․ - Աղվան Գառնիկովիչի մասի՞ն եք ասում: Ես բազմիցս եմ ասել, որ Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել այս գործընթացից, որովհետև ինքը ոչ միայն Գլխավոր դատախազ է եղել, ինքը քաղաքական բնույթի Գլխավոր դատախազ է եղել և իրականացրել է արդարադատությունը տվյալ պահին իշխանություն ներկայացնող ուժերի քիմքին համահունչ:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ է նախաքննությունը նրա մասին մոռացել:

Անդրանիկ Քոչարյան․ - Ես էլ եմ կարծում, որ այդ հարցը պետք է անընդհատ հիշեցնել, մինչև Աղվան Հովսեփյանը հայտնվի և ինքն էլ պատասխանի բազմաթիվ հարցերի: Գուցե Աղվան Հովսեփյանը ակտիվ աջակցո՞ւմ է նախաքննությանը այս պահին: Դա էլ ես չեմ բացառում: Ուրիշ բացատրություն ես չեմ տեսնում: Ինքը Գլխավոր դատախազի կարգավիճակից երևի վեր է ածվել ակտիվ աջակցողի կարգավիճակի, երևի ինչ-որ մասնակցություն ունի, աջակցում է նախաքննությանը: Բայց մեկ է, դա իրեն չի փրկելու, ինքը անպայման պետք է հայտնվի մեղադրյալ աթոռին, համոզված եմ, որովհետև իր պաշտոնն այնպիսին էր, որ այդ պաշտոնյան պետք է շատ բան պարտադրեր նախաքննական մարմնին, որպեսզի նրանք իրականացնեին բացահայտում, այլ ոչ թե կոծկում: Կոծկման համար մեկ պատասխանատուն այդ ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է»:

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահը շեշտում է, որ 2008-ին Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Աղվան Հովսեփյանից բացի, Մարտի 1-գործը կոծկելուց անմասն չեն Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նախկին Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, պարզապես փախել է հայրենիքից, ինչ անպատվաբեր է․ - «Պաշտպանության նախարարը գեներալ-գնդապետի ուսադիրներով շարունակում է մնալ փախած վիճակում: Ո՞նց ա, Յուրի Խաչատուրովը գտնվում է Հայաստանում և պատասխանում է նախաքննության հարցերին, Միքայել Հարությունյանը, չգիտես ինչու, գնաց ու այլևս չվերադարձավ: Իր անվտանգությունից ելնելով՝ ինքը օր առաջ պետք է գա Հայաստան: Իրեն որևէ վտանգ, համոզված եմ, Հայաստանում չի սպասում»:

«Ազատություն»․ - Գուցե կալանավորեն, մեղադրանք առաջադրեն: Դա վտանգ չէ՞:

Անդրանիկ Քոչարյան․ - Բայց դա երբեք առիթ պետք է չհանդիսանա մեր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մարդուն, որ փախնի: Եթե նա պետական համակարգի որոշումներից փախնում է, նա ո՞նց է մեր երկրի բանակը ղեկավարել: Գոնե իր պատիվը փրկելու, մեր երկրի բանակի իմիջը բարձր պահելու համար ինքը պետք է օր առաջ վերադառնա և պատասխանի նախաքննական մարմնի հարցերին:

Դատարանը հաջորդ երեքշաբթի, սեպտեմբերի 17-ին , կհրապարակի սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Պաշտպանները, հիշեցնենք, միջնորդել են նրան անհապաղ ազատ արձակել:

Անդրանի Քոչարյանը վստահ է, որ դատավորի որոշումը որևէ կապ չի ունենալու Սահմանադրական դատարանի որոշման հետ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք բացառում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը կփոխի Ռոբերտ Քոչարյանի կալանքը և նրան ազատ կարձակի, Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե ոչինչ չի բացառում, բայց հույս ունի, որ դատավորն այնպիսի որոշում կկայացնի, որը չի վնասի Մարտի 1-ի գործին․ - «Դատավորը պետք է կայացնի որոշում՝ հաշվի առնելով ոչ թե Սահմանադրական դատարանի որոշումը, այլ օրենքից բխող և կողմերի և արդար դատաքննություն սկսելու հնարավորության շրջանակներում»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


XS
SM
MD
LG