Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ողջ տարածքում խուզարկություններ են անցկացվում Ալեքսեյ Նավալնու հարյուրավոր գրասենյակներում


Ռուսաստանի իրավապահները առավոտից խուզարկություններ են սկսել Կրեմլի քննադատ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնու՝ երկրով մեկ գործող բոլոր գրասենյակներում:

«Դե ինչ, շնորհավորում եմ: Սա ամենամեծ ոստիկանական գործողությունն է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ», - հայտարարել է Նավալնին՝ մանրամասնելով, որ համաժամանակյա խուզարկություններ են կատարվում երկրի ավելի քան 200 կետերում, 41 քաղաքներում, հատուկ գործողությանը մասնակցում են միանգամից մի քանի կառույցներ՝ Ներքին գործերի նախարարությունը, Ռոսգվարդիան, Քննչական կոմիտեն ու Անվտանգության դաշնային ծառայությունը:

Պերմում ոստիկանությունը գրասենյակ է մտել պատուհանից, Եկատերինբուրգում իրենց բանալիով են բացել դուռը, Սարատովում դուռն ուղղակի կոտրել են: Ընդ որում, թիրախում են եղել ոչ միայն շտաբերը, այլ որոշ աշխատակիցների, կամավորների ու անգամ նրանց հարազատների անձնական բնակարանները:

«Աղջիկս զանգեց, ասաց ոստիկանությունը եկել է մեր բնակարան խուզարկելու: Փաստացի, խաբեության եմ ներս մտել, քանի որ աղջիկս դուռը բացել էր հարևանի առաջ: Ես տուն գնացի հնարավորինս արագ: Խուզարկությունը մեկուկես ժամ տևեց, նրանք իրենց հետ տարան համակարգչային կրիչն ու որոշ փաստաթղթեր դատական նախորդ նիստերից: Հետո տարան Քննչական կոմիտե՝ հարցաքննության», - պատմում է Եկատերինբուրգում Նավալնու շտաբի պետ Յուրի Կուզմինիխը:

Շտաբերի համակարգողների խոսքով, քննչական գործողությունները շատ դեպքերում իրականացվում են առանց գրասենյակների աշխատակիցների ու փաստաբանների, ոստիկանները առգրավել են ընդդիմադիրների տեխնիկական միջոցները, հեռախոսները, համակարգիչները, փաստաթղթերն ու ծանրոցները:

Նովոսիբիրսկում Նավալնու գրասենյակի ղեկավարը ստիպված է եղել համակարգչի կրիչը տարհանել անօդաչու սարքի միջոցով, մինչ ոստիկանները դուռն էին թակում՝ բնակարանում խուզարկություն իրականացնելու պահանջով․ - «Վե՛րջ: Հատուկ գործողությունն ավարտվեց, ծանրոցը հասավ իր նշանակետին»:

Հաղորդվում է նաև, որ Կրեմլի տասնյակ ընդդիմախոսներ առավոտից չեն կարողանում իրենց գումարները տնօրինել, քանի որ բանկային հաշիվներն ու քարտերը սառեցվել են: Պատճառը Նավալնու հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործն է՝ փողերի լվացման հոդվածով, որը ընդդիմադիրները շինծու են որակում:

«Սկզբում մեկ միլիարդի մասին էր խոսքը, հետո դարձրին 75 միլիոն», - հայտարարում է Նավալնին՝ հավելելով․ - «Երկու ամիս է մենք չենք կարողանում քննությունից ստանալ հասարակ մի հարցի պատասխան՝ այդ ի՞նչ հանցավոր ճանապարհով է մեր հիմնադրամը գումար աշխատել, որ հետո էլ դրանք լվանա»:

Նավալնին շարունակում է․ - «Ակնհայտ է, որ այս մասշտաբի գործողություն իրականացնելու հրամանը կարող էր տալ միայն անձամբ Վլադիմիր Պուտինը: Պատկերացրեք միայն, թե քանի մարդ է ներգրավված՝ հարյուրավորներ, գուցե անգամ հազարավոր մարդիկ ողջ երկրով մեկ տարբեր գերատեսչություններից միաժամանակ մուրճը ձեռքներն առած՝ վազել են դռները ջարդելու: Ասացեք խնդրեմ, դուք հիշո՞ւմ եք, որ մեր երկրում այսպիսի մասշտաբով գործողություն իրականացվի կոռուպցիանի դեմ, կամ ահաբեկիչների ու թրմամիջոցների առևտրով զբաղվողների դեմ»:

Ռուսաստանի քննչական կոմիտեն Նավալնու հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցել օգոստոսի 3-ին՝ ճիշտ այն օրը, երբ Մոսկվայի կենտրոնում ընդդիմադիրները բողոքի հերթական ցույցն էին անցկացնում՝ հանուն ազատ ու արդար ընտրությունների: Ըստ այդ քրեական գործի, 2016-18 թվականներին հիմնադրամի աշխատակիցները երրորդ անձանցից խոշոր գոմարներ են ստացել՝ ռուբլով ու արտարժույթով, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Նավալնու աջակիցները հակադարձում են, թե այդ գումարները իրենց հաշվեհամարներին են փոխանցվել որպես նվիրատվություն ու աջակցություն կոռուպցիայի դեմ պայքարին:

«Կրեմլն ուզում է կապել մեր ձեռքերը, բայց չի ստացվելու», - այսօր դիմելով աջակիցներին՝ հայտարարել է Նավալնին: - «Ուզում եմ նաև դիմել Կրեմլում նստածներին, որոնք ձեռնարկել են այս խեղկատակությունը. մենք ձեզ վերջին ընտրություններում ջարդ ենք տվել և հետագայում էլ պարտության կմատնենք, քանի որ ողջ երկիրը ատում է ձեզ: Դուք գողեր եք ու ավազակներ»:

Ակտիվիստները պնդում են, թե իշխանությունն այս քայլին է գնացել անցած կիրակի Մոսկվայում ու Ռուսաստանի մի շարք այլ շրջաններում տեղի ունեցած ընտրությունների պատճառով, որտեղ ընդդիմությանը հաջողվել էր նկատելիորեն թուլացնել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության դիրքերը:

Միասնական քվեարկության այդ օրը Պուտինի կուսակցությունը 106 մանդատ կորցրեց շրջանային խորհրդարաններում:

«Ակնհայտ է, որ այս տեմպերով հաջորդ տարվա քվեարկությանը «Եդինայա Ռոսիան» կորցնելու է վերահսկողությունը բոլոր շրջանային խորհրդարաններում», - հայտարարել է Նավալնու ծրագրերի համակարգող Լեոնիդ Վոլկովը՝ ընդգծելով․ - «Այսօրվա բռնություններով իշխանությունը հենց այդ անխուսափելի սցենարը տապալելու անօգուտ փորձեր է անում»:

XS
SM
MD
LG