Մատչելիության հղումներ

Բրիտանական կառավարությունը գաղտնազերծում է «Բրեքզիթ»-ի վատթարագույն սցենարը


Եվրամիության և Միացյալ Թագավորության դրոշները Լոնդոնում, արխիվ
Եվրամիության և Միացյալ Թագավորության դրոշները Լոնդոնում, արխիվ

«Քաոս»` այսպես կարելի է բնութագրել այն, ինչը, ըստ Բորիս Ջոնսոնի կառավարության, կարող է տեղի ունենալ, եթե Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը առանց Բրյուսելի հետ համաձայնագիր կնքելու:

Բրիտանական կառավարությունը, ընդդիմության ճնշման ներքո, չորեքշաբթի երեկոյան ստիպված եղավ հրապարակել Yellowhammer կոչվող պլանը, որ նկարագրում է «Բրեքզիթ»-ի դեպքում սպասվող իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարը:

Հինգ էջանոց փաստաթղթի համաձայն՝ եթե Լոնդոնը որոշի Եվրամիությունը լքել առանց նախապես համաձայնագիր կնքելու, ապա երկրում կարող է մի շարք կենսական նշանակության ապրանքատեսակների պակաս զգացվել, կարող է խաթարվել օդանավակայանների և նավահանգիստների բնականոն աշխատանքը, չեն բացառվում բողոքի ակցիաներն ու դրանց վերաճումը զանգվածային անկարգությունների:

«Թարմ սննդամթերքի որոշ տեսակներ կարող են այլևս մատչելի չլինել: Վտանգ կա, որ [«Բրեքզիթ»-ից առաջ] խուճապահար կերպով կատարվող գնումները սննդամթերքի մատակարարումների ընդհատումների հանգեցնեն», - նշում են փաստաթղթի հեղինակները` հավելելով․ - «Եվրամիությունը լքելուց անմիջապես հետո բեռնատարները կարող են Լա-Մանշը հատել զգալի ձգձգումներով` ընդհուպ մինչև երկուսուկես օր: Նման իրավիճակը կարող է շարունակվել «Բրեքզիթ»-ին հաջորդող երեք ամիսներին»:

Բացի այդ, ըստ բրիտանական կառավարության ներկայացուցիչների, «Բրեքզիթ»-ից անմիջապես հետո Միացյալ Թագավորությունը լքել ցանկացող ուղևորների մոտ կարող են խնդիրներ առաջանալ երկրի խոշորագույն տրանսպորտային հանգույցներում:

«Բրեքզիթ»-ը կարող է ուղեկցվել հակընդդեմ ցույցերով, ինչը կլանելու է ոստիկանության ռեսուրսների զգալի մասը», - նշված է փաստաթղթում:

Ուշագրավ է, ի դեպ, որ ամռանը վարչապետի պաշտոնը ստանձնած Բորիս Ջոնսոնը հակված է հենց շուտափույթ, առանց համաձայնագրի «Բրեքզիթ»-ի տարբերակին` նշելով, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունը պետք է լքի արդեն հոկտեմբերի 31-ին: Ջոնսոնի կառավարության անդամներից Մայքլ Գովը, որը գործադիր իշխանության ներսում պատասխանատու է հենց «կոշտ Բրեքզիթի» կարգավորման համար, պնդում է, որ կառավարությունը կանի ամեն ինչ երեկ հրապարակված փաստաթղթում տեղ գտած զարգացումներից խուսափելու համար:

«Yellowhammer-ում նկարագրված է վատթարագույն սցենարը: Դա արվել է, որպեզի կառավարությունը կարողանա մեղմել հնարավոր բարդությունները:«Բրեքզիթ»-ին նախորդող վեց շաբաթներին կառավարությունը լուրջ քայլերի է դիմում, որպեսզի երկիրը կարողանա Եվրամիությունը լքել հնարավոր ամենաանվտանգ և սահուն ձևով», - նշում է նախարարը:

Yellowhammer կոչվող փաստաթուղթը բրիտանացի խորհրդարանականների բուռն քննարկումների առարկա թերևս դառնար, եթե վարչապետ Ջոնսոնը, Էլիզաբեթ երկրորդ թագուհու հավանությամբ, չորոշեր հինգ շաբաթով սառեցնել Համայնքների պալատի աշխատանքը:

Չի բացառվում սակայն, որ բրիտանացի խորհրդարանականները ավելի վաղ վերադառնան հարկադիր արձակուրդից: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հաջորդ շաբաթ անօրինական ճանաչի Ջոնսոնի որոշումը: Երկրի բարձրագույն դատական ատյանի միջամտության կարիքը ծագեց, երբ սկզբում Անգլիայի բարձրագույն դատարանը խորհրդարանի աշխատանքների սառեցման մասին որոշումը օրինական ճանաչեց, իսկ երեկ Շոտլանդիայի Գերագույն դատարանը տրամագծորեն հակառակ վճիռը կայացրեց:

«Շոտլանդական դատարանի որոշումը շրջադարձային է,այն վկայում է,որ խորհրդարանի աշխատանքների սառեցումը հակաօրինական էր:Մենք արեցինք ամեն ինչ որպեսզի խուսափենք խորհրդարանի փաստացի փակումից:Այժմ շատ հետաքրքրական ժամանակներ են,երբ դատարանը վճիռ է կայացնում հօգուտ ժողովրդավարության և ընդդեմ վարչապետի,որի նպատակն այդ ժողովրդավարությանը վերջ տալն է»`-հայտարարում էր ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը:

XS
SM
MD
LG