Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանին հրավիրել են ՀՔԾ, բայց չի ներկայացել


Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի ներկայանում ՀՔԾ հարցաքննության՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։

Փոխարենը Բալասանյանը դիմում է ուղարկել Մարտի 1-ի գործը քննող քննչական ծառայությանը՝ շեշտելով՝ «2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվում են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով»:

Մինչդեռ օրեր առաջ Բալասանյանը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին, որտեղ անդրադարձել էր արյունալի այդ դեպքերին, 10 զոհերի սպանության հանգամանքների բացահայտման հետ կապված արտահայտել իր տեսակետը։ Բալասանյանը մասնավորապես անդրադարձել էր 2008-ի քաղաքական գործընթացներում զինված ուժերի ներգրավման մասին քննչական ծառայության պնդումներին՝ ասելով. «Ի՞նչ է նշանակում՝ բանակը կրակել է, ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել։ Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»:

Նրա այս հայտարարությունից հետո ՀՔԾ-ն փորձերը՝ կանչել Բալասանյանին հարցաքննության, չեն հաջողվում։ Ինչպես հաղորդում է քննչական ծառայությունը, Մարտի 1-ի քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վիտալի Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր նրա դիմումը։

Բալասանյանը դիմումում գրել է, որ հարցաքննության կանչելու մասին ծանուցագիրը դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել:

Դիմումը ստանալուց հետո ՀՔԾ-ն կրկին ծանուցագիր է ուղարկել Բալասանյանին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG