Մատչելիության հղումներ

«Երևան» ՋՕԸ-ում հայտնաբերվել են 169 մլն դրամի խախտումներ


Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյուքում արձանագրել է 169 միլիոն դրամի խախտումներ ու թերություններ։

Ըստ ՊՎԾ հաղորդագրության, խախտումները եղել են գրեթե նույն բնույթի, ինչ արձանագրվել էր նախկինում ծառայության կողմից՝ «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ», «Արարատ» և «Շենիկ» ջրօգտագործողների ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ:

Մասնավորապես ընկերության կողմից ոռոգման համար անհրաժեշտ ջուրը ձեռք է բերվել խորանարդ մետրի հաշվարկներով, սակայն ջրտուքը իրականացվել է հեկտարի հաշվարկով, ջրի կառավարման համակարգ է մուտքագրվել խորքային հորերի և պոմպակայանների արտադրողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներ, ինչպես նաև չհիմնավորված դեբիտորական պարտքեր, աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարների գծով նախատեսվածից ավել հաշվարկ է եղել:

Ջրի կորուստի ծավալը 2014-2018 թվականներին ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները գերազանցել է 2,348.9 հազ. խմ-ով:

«Ընկերության կողմից ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհի կարգով ստացած միջոցների հաշվին իրականացվել են նաև ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումներ` չառաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ։ 2017 թվականին «Մասիս» և «Երևան» ՋՕԸ միացման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված հանձնման-ընդունման տեղեկանքում բացակայել են մինչ այդ «Մասիս» ՋՕ ընկերության հաշվեկշռում առկա արժեքով գույքային միավորները», - ասված է հաղորդագրությունում:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG