Մատչելիության հղումներ

ԱԺ-ն սկսում է Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների գործընթաց


Գործընթացի արդյունքում այդ երկու փաստաթղթերում նախատեսվում են առանցքային խմբագրումներ։

«Մենք պրոցեսը վաղ ենք սկսել, որպեսզի թեմա առ թեմա կարողանանք անդրադառնալ», - ասում է աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նրա փոխանցմամբ, Ընտրական օրեսգրքի ամենաքննադատված կետերից մեկի՝ ռեյտինգային ընտրակարգի վերանայումը կլինի առաջիկա քննարկումների առանցքում, քանի որ արդեն այս պահին հստակ է, որ այդ ընտրակարգը «Իմ քայլի» համար ընդունելի չէ:

Ընտրական օրեսգրքի քննարկման կամ վերանայման ենթակա տասնյակ կետերից է պատգամավորի թեկնածուն առաջադրվող պահանջների հարցը․ - «Ներառյալ, օրինակ, երկքաղաքացիների նկատմամբ արգելանքը, որը այն պահից, ինչ մաս է կազմել մեր օրենսդրության, միշտ եղել է ոչ այնքան դեբատների առարկա, որքան Վենետիկի հանձնաժողովի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր զեկույցներում միշտ անդրադարձել են, որ սա խնդրահարույց է: Պետք է դեռ քննարկենք»:

Այնուամենայնիվ պատգամավորները նախ կաշխատեն «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոփուխությունների նախագծի վրա՝ փորձելով այն իրականություն դարձնել մինչև հունվարի 1-ը։

Նախագիծը մշակելիս մեծ ուշադրություն են դարձնելու կուսակցությաննների ֆինանսական աղբյուրների թափանցիկության, հաշվետվողականության և ներքին ժողովրդավարության հարցերին։

«Եթե ըստ առաջնահերթության ներկայացնեմ, դա կուսակցությունների ֆինանսավորման կարգն է: Թե՛ մուտքերի, ֆինանսական աղբյուրների, թե՛ ծախսերի մասով կարգավորումների թերիությունը, անգամ սինխրոնիզացիայի պակասը օրենսդրական դաշտում և դրա կիրարկման առումով: Բացի դրանից, խնդրահարույց են կարգավորումները, որոնք առնչվում են կուսակցությունների ներքին ժողովրդավարության բաղադրիչին», - ներկայացրեց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստանից» օրենքի փոփոխության աշխատանքներին մասնակցող պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ ամեն ինչ անելու են ընդհանուր հայտարարի գալու և խորհրդարանական բոլոր ուժերի համար ընդունելի տարբերակներ գտնելու համար․ - «Կուսակցությունների մասին օրենքը բոլոր կուսակցությունների համար է, և այստեղ կարևոր ենք համարում արտախորհրդարանական կուսակցությունների ներգրավումը պրոցեսին, որովհետև ի վերջո շահառուն նաև նրանք են: Բոլոր նրանք, ովքեր կունենան ասելիք և կցանկանան մասնակցել, կտրվի հնարավորություն մասնակցելու և ասելու իրենց կարծիքը»:

Արտախորհրդարանական ուժերից «Քաղաքացու որոշումը» (ՔՈ) չի շտապում հայտ ներկարացնել կամ ընդունել այս քննարկումներին մասնակցելու առաջարկը։ ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի խոսքով, Ամուլսարարի հանքի շահագործման հարցում զարգացումները սասանել են հանրային վստահությունը «Իմ քայլի» և վարչապետի նկատմամբ․ - «Այսպիսի ըստ էության հեղափոխական փոփոխություններ անելու համար վստահության բարձր մակարդակ է անհրաժեշտ, որը ակնհայտորեն խարխլվում է երեկվա Ամուլսարի վերաբերյալ վարչապետի առցանց ելույթից: Դրա համար պետք է նախ մտածենք այդ վստահությունը վերականգնելու համար, հետո նոր մտածենք «Կուսակցությունների մասին» օրենքում մեր մասնակցության մասին»:

Ըստ Սահակյանի, կառավարությունը հաշվի չի առնում այն, որ անկախ փորձագիտական խումբն ասում է, որ հանքի շահագործման դեպքում կան բնապահպանական ռիսկեր, և կողմ է արտահայտվում հանքի բացմանը․ - «Եվ դա առաջացնում է վստահության ճգնաժամ, ինչը իր հերթին բերում է նրան, որ խորքային փոփոխություններ անելը, կլոր սեղանի շուրջը նստած վստահության մթնոլորտում աշխատելը վտանգվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG