Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ժամանակը դեռ չի եկել


Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը: Մոսկվա, 9 սեպտեմբերի, 2019թ.
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը: Մոսկվա, 9 սեպտեմբերի, 2019թ.

Մոսկվայում է Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը, որի կազմում են արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, պաշտպանության նախարար Ֆլյուրանս Պարլին և պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերով գլխավոր քարտուղար Կլեր Լենդեն:

Ռուսաստանցի պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովի, Սերգեյ Շոյգուի ու Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպումներում քննարկվել են միջազգային խնդիրներ, Եվրոպայում անվտանգության թեման ու, մասնավորապես, Ուկրաինայի հակամարտության կարգավորումը:

Փարիզը դրական է գնահատել կալանավորներին փոխանակելու ռուս-ուկրաինական գործարքը: Դա, ըստ ֆրանսիական կողմի, ստեղծում է Մոսկվայի և Կիևի հարաբերությունները բարելավելու պայմաններ:

Այնուամենայնիվ ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ վաղ է խոսել պատժամիջոցներից հրաժարվելու մասին:

«Դեռ չի եկել պատժամիջոցները չեղարկելու ժամանակը: Մենք տեսնում ենք, որ ձևավորվում է անցած մի քանի տարիների համեմատությամբ մի նոր մթնոլորտ, և դա մեզ իսկապես ուրախացնում է», - ասել է Ժան-Իվ Լե Դրիանը:

Ֆրանսիան կողմերին հորդորում է շարունակել քննարկումները «Նորմանդյան ձևաչափով»: Ռուսներն ընդունում են այդ առաջարկը:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետաքրքրություն է դրսևորել «Նորմանդյան ձևաչափի» և Եռակողմ շփման խմբի աշխատանքի միջոցով շփման գծից զինված ուժերը հեռացնելու նկատմամբ: Մենք դա շատ դրական ենք համարում», - ասել է Սերգեյ Լավրովը:

«Ֆրանսիան պատրաստ է հենց առաջիկա օրերին Փարիզում կազմակերպել «Նորմանդյան ձևաչափով» հանդիպում պետությունների ղեկավարների մակարդակով», - ասել է Ժան-Իվ Լե Դրիանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG