Մատչելիության հղումներ

ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը


Սահմանադրական դատարանի շենքը, արխիվ
Սահմանադրական դատարանի շենքը, արխիվ

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում այսօր հրապարակվել է սեպտեմբերի 4-ին Բարձր դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը։

Բարձր դատարանը քննելով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Խոսքը Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածի մասին է, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Բարձր դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քոչարյանի մատնանշած մյուս՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։ Այն խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում:

Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը: Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործով մեղադրանքի, ուստիև կալանքի իրավաչափության հարցի լուծումը պայմանավորված է պաշտոնաթող Հանրապետության նախագահի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքներով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմողը նաև այս տեսանկյունից է բարձրացնում Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա օրենսդրական բացի հարցը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքում պաշտոնաթող Հանրապետության նախագահի անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքների օրենսդրական կենսագործման ենթադրյալ բացակայությունն ուղղակիորեն կարող է հանգեցնել նրա անձնական ազատության, ինչպես նաև դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների՝ Սահմանադրության տեսանկյունից չարդարացված սահմանափակման: Հետևաբար, մեղադրանքի, ուստիև կալանքի իրավաչափության գնահատման համար էական նշանակություն ունի ոչ միայն մեղադրանքի հիմքում դրված քրեական օրենքի, այլև քրեական հետապնդումը կանոնակարգող՝ քրեադատավարական օրենքի դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը, ինչը ներառում է նաև քրեադատավարական օրենքում Սահմանադրությանը հակասող օրենսդրական բացեր չլինելը:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող:

Անդրադառնալով սույն գործով դիմումում վկայակոչված քրեական գործով դատարանների կողմից Օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառմանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանները, ուղղակիորեն չմեկնաբանելով Օրենսգրքի 35-րդ հոդվածը, ըստ էության կիրառել են այն. մեկնաբանել են Սահմանադրության 140-րդ հոդվածը` իրենց ընկալման շրջանակներում կոնկրետացնելով Հանրապետության նախագահի, այդ թվում` պաշտոնաթող, գործառութային անձեռնմխելիության նպատակները և ծավալը: Բացի այդ, հարկ է նշել, որ կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառումն անհնար է առանց քրեական գործի վարույթը կամ քրեական
հետապնդումը բացառող հանգամանքների առկայությունը պարզելու` անկախ նրանից,
թե այդ հոդվածը ձևական առումով հիշատակվու՞մ է դատական ակտում, թե՝ ոչ: Փաստ
է նաև, որ դատարաններն անդրադարձել են Սահմանադրությամբ ամրագրված`
պաշտոնաթող Հանրապետության նախագահի անձեռնմխելիության` որպես քրեական
պատասխանատվությունը բացառող հանգամանքի, մեկնաբանությանը:

XS
SM
MD
LG