ԱՄՆ երկու բարձրաստիճան կոնգրեսականներ կոչ են անում նախագահ Դոնալդ Թրամփին հասցեական պատժամիջոցներ սահմանել ռուսաստանցի այն պաշտոնյաների հանդեպ, որոնք պատասխանատու են մոսկովյան հանրահավաքները ցրելու համար:
«Վերջին շաբաթների ցույցերը հերթական ապացույցն են, որ Ռուսաստանի ժողովուրդը հոգնել է նախագահ Պուտինի բռնապետական կառավարումից», - Սպիտակ տուն ուղարկված նամակում պնդել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ու Կոնգրեսում Տեքսասի ներկայացուցիչ Մայքլ ՄըքՔոլը:
Հայտարարությունից ժամեր առաջ ռուսաստանցի հատուկ ջոկատայինները ներխուժել էին ընդդիմադիր առաջնորդ, Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու գրասենյակ, երեք աշխատակիցների բերման ենթարկել, ապա ազատ արձակել՝ առանց որևէ պարզաբանման:
«Կրեմլի արձագանքը վկայում է, որ Պուտինը պատրաստ է ծայրահեղ միջոցների դիմել՝ քաղաքական այլակարծությունը ճնշելու համար», - փաստել են ամերիկացի կոնգրեսականները:
Ընդդիմության դեմ ճնշումները սկսվել են հուլիսի կեսերից, երբ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ պահանջելով թույլ տալ անկախ թեկնածուների գրանցումը առաջիկա կիրակի Մոսկվայում կայանալիք տեղական ընտրություններում: Մինչ օրս ընդհանուր առմամբ ձերբակալվել է շուրջ 3 հազար ցուցարար, տասնյակ ընդդիմադիր գործիչներ էլ կալանավորվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: