Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ի վերջո աշխատանքը սկսեց Գերագույն հակակոռուպցիոն դատարանը


Ուկրաինա - Նախագահ Վլադիմիր Զելենսկին, գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան և Գերագույն հակակոռուպցիոն դատարանի նախագահ Օլենա Տանասևիչը դատարանի աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ, Կիև, 5-ը սեպտեմբերի, 2019թ․
Ուկրաինա - Նախագահ Վլադիմիր Զելենսկին, գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան և Գերագույն հակակոռուպցիոն դատարանի նախագահ Օլենա Տանասևիչը դատարանի աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ, Կիև, 5-ը սեպտեմբերի, 2019թ․

Երկու տարի ձգձգված քննարկումներից հետո ի վերջո Ուկրաինայում աշխատանքը սկսեց երկար սպասված Գերագույն հակակոռուպցիոն դատարանը:

Կոռուպցիոն առավել աղմկալի գործերի քննության նպատակով հատուկ անկախ դատական մարմնի ստեղծումը Ուկրաինայի միջազգային գործընկերների՝ մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր պահանջն էր:

Մայդանի իրադարձություններից հետո իշխանության եկած Պետրո Պորոշենկոյի վարչակազմը մի կողմից խոստանում էր անհաշտ պայքար սկսել կոռուպցիայի դեմ, մյուս կողմից՝ ակնհայտորեն խուսափում խոսքից գործի անցնել:

Սակայն Արևմուտքի ճնշման արդյունքում ի վերջո որոշ քայլեր արվեցին: 2018 թվականին Գերագույն ռադան Հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու մասին օրենք ընդունեց, իսկ արդեն այս տարվա գարնանը ավարտվեց դատավորների ընտրության մրցույթը, և ուկրաինական անկախ հանձնաժողովների ու միջազգային փորձագետների ստուգումների արդունքում ընտրվեց 38 դատավոր:

Դատարանի ստեղծման աշխատանքները ավարտին հասցրած Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է արդեն այս աշնանը տեսանելի դարձնել դատարանի գործունեության արդյունքը:

«Հակակոռուպցիոն բարձր դատարանի խնդիրը շատ պարզ է՝ կոռուպցիոներները պետք է պատժվեն, իսկ պետությունը, հանրությունը և ներդրողները պետք է պաշտպանված լինեն», - նախօրեին դատարանի հանդիսավոր բացման արարողությանը հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պետք է հանրությանը վերադարձվի ոչ միայն գողացվածը, այլ նաև հավատն առ այն, որ Ուկրաինայում արդարությունը գոյություն ունի:

Արևմտյան տնտեսական և ռազմական դաշինքներին անդամակցել ցանկացող Կիևին մասնավորապես Արժույթի հիմնադրամը մի շարք նախապայմաններ է առաջադրել, որոնց կատարման դեպքում հնարավոր կլինի բարեփոխումների նպատակով շուրջ 17 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը ուկրաինական կառավարությանը, ընդգծելով, որ քաղաքական ճնշումներն ու կաշառքը դեռևս լրջագույն խնդիրներ են Ուկրաինայում:

Transparency International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով ՝ Ուկրաինան Կոռուպցիայի ընկալման համաթվով 180 երկրների ցանկում զբաղեցնում է 120-րդ հորիզոնականը՝ ավելի լավ դիրք ունենալով Ռուսաստանի համեմատ, սակայն ակնհայտորեն ետ մնալով եվրոպական հարևաններից:

XS
SM
MD
LG