Մատչելիության հղումներ

Գյուլբուդաղյանց․ Եթե Իտալիայի հետ ոչ ոքի խաղանք, դա կգրանցվի որպես լավ արդյունք


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանց

Վաղը երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «Եվրո 2020»-ի ընտրական մրցաշարի հինգերորդ հանդիպումը՝ ընտրական J խմբի միանձնյա առաջատար, մեկնարկային 4 խաղերում հաղթանակ տարած Իտալիայի ընտրանու դեմ։

Հայաստանի հավաքականը 4 տուրից հետո ունի 6 միավոր և այս պահին խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով Իտալիային ու Ֆինլանդիային։

Ընտրական փուլը Հայաստանի ընտրանին պարտություններով մեկնարկեց․ այս տարվա մարտին նախ զիջելով Բոսնիա և Հերցեգովինայի, ապա Ֆինլանդիայի հավաքականներին, իսկ ահա արդեն հունիսին 3 ական միավոր վաստակեց Լիխտեյնշտեյնի և Հունաստանի հետ խաղերում։

«Եվրո 2020»-ի եզրափակիչ փուլ կանցնեն ընտրական խմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը, ևս չորս ուղեգիր կխաղարկվի Ազգերի լիգայի շրջանակում։

Նախախաղային ասուլիսի ընթացքում Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահեցրեց, որ լավ ուսումնասիրել են Սկուադրա Աձուրայի խաղը․ - «Գիտենք, որ երկու կարևոր ֆուտբոլիստները՝ Կելինին և Ինսինիոն վնասվածքներ ունեն, որոնց առողջություն եմ ցանկանում: Բայց Իտալիայի հավաքականը առանց իրենց էլ հաղթել է այս չորս խաղերում, որովհետև մենակ չորս ֆուտբոլիստ է, որ բոլոր չորս խաղերին մասնակցել է, մնացած ֆուտբոլիստները փոխվել են»:

Խոսելով իր ղեկավարած թիմի մասին՝ Գյուլբուդաղյանցը ընդգծեց, որ Հայաստանի ընտրանու կազմում սերնդափոխության գործընթացը սկսվել է․ - «Արդեն 6-7 ֆուտբոլիստ մինչև 21-22 տարեկան մասնակցել են հավաքներին կամ խաղերին: Ունենք նաև հիմա երիտասարդական հավաքականից մի ֆուտբոլիստ, որին կարող էինք ընդգրկել այս հավաքին: Ուղղակի դժվար խաղեր ունեինք՝ Իռլանդիայի ու Իսլանդիայի խաղերին պետք էր հիմնական կազմի խաղացող լիներ»:

Դե իսկ վաղվա հանդիպման հնարավոր սցերանի մասին հավաքանի գլխավոր մարզիչն ասում է, որ եթե իր տղաները կարողանան իրենց խաղը խաղալ ու չեզոքացնել մրցակցին, լավ արդյունք կգրանցվի․ - «Եթե Իտալիայի հետ ոչ ոքի խաղանք, դա կգրանցվի որպես լավ արդյունք»:

Վնասվածքի պատճառով վաղը հավաքականին չի օգնի Մարկոս Պիզելին: Նրա մասին խոսելով՝ Գյուլբուդաղյանցը ընդգծեց, որ Պիզելին, Ղազարյանը, Մխիթարյանը երիտասարդ ֆուտբոլիստների համար օրինակ են ծառայում, և ցավալի է, որ նա այժմ թիմի հետ չէ:

Ասուլիսին մասնակցում էր հավաքանի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը տրանֆերային պատուհանի փակման վերջին օրը վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա»:

Մխիթարյանը հայտնեց, ամեն ինչ հենց վերջին օրն է կատարվել․ - «Հենց «Տոտենհեմի» խաղից հետո զանգ ստացա գործակալիցս, տեղեկացա, որ մյուս օրը պետք է մեկնեմ Հռոմ, բուժզննում անցնեմ և արդեն պայմանագիր ստորագրեմ: Կարծում եմ, շատ լավ հնարավորություն է ինձ համար»:

Հավաքականի ավագը խոսեց նաև իր մարզավիճակի մասին, վստահեցրեց, որ ինքը պատրաստ է 100 տոկոսով․ - «Կարող եմ ասել, որ վաղը ավելի լավ կերևա: Ֆուտբոլը չեն խաղում ոտերով, այլ նաև խաղում են ուղեղով: Եթե դու ստիպես քո գլխում, որ պետք է խաղաս 90 րոպե և ավելի, ապա ամեն ինչ հնարավոր է»:

Վաղվա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:

XS
SM
MD
LG