Մատչելիության հղումներ

Դատավորը ցանկացած բողոքի ակցիայից դատարանի դիմաց իրավունք չունի ճնշվի. ԲԴԽ նախագահ


ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 4-ը սեպտեմբերի, 2019թ․
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 4-ը սեպտեմբերի, 2019թ․

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ընդհանուր առմամբ ձեռնպահ էր մնում կարծիք արտահայտել Սահմանադրական դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործերի քննության վերաբերյալ։

Նա լրագրողների հետ հանդիպել էր առավոտյան՝ մինչև Քոչարյանի գործով ՍԴ որոշման հրապարակումը ու խուսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ իր կարծիքով ինպե՞ս պետք է վարվեն դատարանները, եթե հնչում է նաև տեսակետ՝ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեպքում, սահմանադրության համար պատասխանատու իշխանության թևերը, այդ թվում՝ դատականը, իրավասու են չկատարելու այն։ Այս հայտարարության հեղինակը Սահմանադրական դատարանում ճգնաժամ տեսնող Վահե Գրիգորյանի կարծիքը կիսող փաստաբան Տիգրանն Եգորյանն է:

«Այդ քրեական գործը դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում է գտնվում։ Դատարանը գործը քննելու է ամբողջ ծավալով, այնուհետև գնալու է խորհրդակցական սենյակ և ընդունի որոշում նաև միգուցե հաշվի առնելով Տիգրան Եգորյանի կարծիքը՝ որպես փաստաբանի, որպես իրավաբանի։ Ես չեմ կարող ասել՝ Աննա Դանիբեկյանը ինչ է անելու, իրավունք էլ չունեմ, ցանկություն էլ չունեմ։ Գտնում եմ, որ դա դատապարտելի արարք կլինի, եթե ես Աննա Դանիբեկյանի փոխարեն կամ էս պրոցեսում փորձեմ որևէ կերպ դա մեկնաբանել», - ասաց Վարդազարյանը։

Հարցին՝ արդյո՞ք ԲԴԽ նախագահն էլ իշխանության կողմից դատական համակարգի նկատմամբ ճնշումներ նկատել է, ինչպես պնդում են Քոչարյանի աջակիցները, Վարդազարյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացվում ճնշել, ընդ որում՝ ոչ միայն իշխանական թևի, այլ՝ Քոչարյանի: Երկրորդ նախագահի գործի շրջանակներում մեր հասարակությունը ինչ-որ երկու մասի է բաժանվել, մամուլով տեսնում ենք՝ դատարանի առջև բողոքի ակցիաներ են իրականացնում և՛ պաշտպանները, և՛ հակառակորդները և փորձում են վանկարկել ինչ-որ բառեր, բառակապակցություններ, որը ես գնահատում եմ, որ դա փորձ է ճնշման: Բայց վստահ եմ, որ չկա որևէ դատավոր, որը կարող է արդարադատություն իրականացնել՝ հաշվի առնելով դատարանի առջև կանգնած բողոքի ակցիա իրականացնող մարդկանց բառակապակցությունները»։

Արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում ԲԴԽ նախագահը դատապարտելի է համարում, ամբոխային արդարադատությունն՝ անընդունելի։ Դիտարկումները Վարդազարյանը արեց՝ պատասխանելով հարցին՝ եթե որևէ մեկի կոչով ԲԴԽ շենքը շրջափակվի, ինքն էլ հնարավորություն չունենա աշխատավայր մտնել, ինչ դիրքորոշում կունենա:

«Մենք 21-րդ դարում ենք գտնվում, այդ Լինչի դատարան և նման մեխանիզմները անթույլատրելի են», - նշեց Վարդազարյանը։

Հարցին՝ եթե անգամ ամբոխը վարչապետի կոչով է հավաքվե՞լ, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Դատավորը ցանկացած բողոքի ակցիայից դատարանի դիմաց իրավունք չունի ճնշվի»։

Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուց հետո չուշացավ իրավապաշտպանների քննադատությունը, թե նա նախկինում առավելապես հայտնի է եղել որպես ԱԱԾ գաղտնալսում- ներքին դիտումների թույլտվություն տվող դատավոր, այդ թվում՝ հետին թվով։

Վարդազարյանն ասաց՝ 2010-ից է նման միջնորդություններ քննել, սկզբից բավարարել է դրանց 70 տոկոսը, այնուհետև,90 տոկոսը՝ աճը պայմանավորելով միջորդություն ներկայացնող մարմինների ավելի պրոֆեսիոնալ դառնալով:

Բայց և փորձեց պատճառաբանություններ ներկայացնել. «Արդարադատության խորհուրդը նախկին օրենսդրական կարգավորումներով և Բարձրագույն դատական խորհուրդը այս գործող օրենսդրությամբ մասնագիտացնում էր դատավորների և որոշել էր, որ Վարդազարյանը և ևս մի քանի դատավոր իրավունք ունեն քննել այդ միջնորդությունները»։

ԲԴԽ-ի այսօրվա կազմը այդքան էլ իշխանության սրտով չէ, միանշանակ պնդում էր խորհրդի նորընտիր նախագահը։

Թե այդ դեպքում ինչո՞ւ չարձագանքեցին դռների տակ վնգստացող և հին տերերին փնտրող դատավորների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Վարդազարյանն արձագանքեց. «Բավականին աշխատանք կատարվեց, զանազան տեքստեր գրվեց, հետո որոշվեց քաղաքական հայտարարություններին չարձագանքել, ես գտնում եմ, որ միգուցե բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր, բայց երբ որ զուտ դատավորներն են իրար մեջ զրուցում, նրանք էլ են հասկանում ում նկատի ուներ վարչապետը, ինչի համար ասեց և ոնց ասեց»։

Կոնկրետ ժամկետներ չնշելով՝ ԲԴԽ նախագահը ասաց՝ դատավորների վեթինգի կամ բարեվարքության գործընթացը կիրականացվի մոտ ապագայում։ Ինչպե՞ս է դա մեկնարկելու, դժվարացավ ասել, կարգավորումները քննարկման փուլում են, բայց մինչ դատավորներին հասնելը, կարծիք հայտնեց, գործընթացը նախ ԲԴԽ-ից պետք է սկսել: Ըստ նախնական տեղեկությունների հենց այս մարմինը պետք է գնահատի դատավորների բարեվարքությունը։

«Այդ գործընթացը պետք է սկսել հենց ինձանից՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, այնուհետ ԲԴԽ անդամները, այնուհետ դատավորները», - ասաց Վարդազարյանը։

XS
SM
MD
LG