Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ստեփանակերտ՝ մասնակցելու «Երևանի օրերը Արցախում» միջոցառումներին։
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ նախ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում:
Այնուհետև Երևանի քաղաքապետն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը, որտեղ տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին: Բանակ-հասարակություն կապն ամուր հիմքերի վրա պահելու համար Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրվել է զորամասի հրամանատարի պատվոգրով:
Երևանի քաղաքապետը շրջել է նաև զորամասի տարածքում, ծանոթացել զինվորների համար ստեղծված պայմաններին:
Երեկոյան Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել է «Տիգրան Մանսուրյան-80» խորագրով հոբելյանական համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան): Ծրագրի ընթացքում հնչել են մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Հայ դասական պոեզիան՝ Մանսուրայանի երաժշտության մեջ», «Իսահակյան - Չարենց» խմբերգային ստեղծագործությունները:
Երևանի քաղաքապետը նաև այցելել է Շուշի։
երևանյան պատվիրակության անդամները նախ ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի ուղեկցությամբ քաղաքապետ Մարությանը շրջել է նաև քանդակների պուրակում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված են 62 աշխատանքներ:
Պաշտոնական հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Շուշիի և Երևանի Աջափնյակ վարչական շրջանի միջև ձևավորված համագործակցությանն ու նախանշել առաջիկա անելիքները: Երկուստեք կարևորվել է նոր ծրագրերի իրականացումը` մշակույթի և սպորտի ոլորտներում: Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը նաև Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքի առաջնահերթ խնդիրներն ու իրականացվող ծրագրերը: