Մատչելիության հղումներ

«Լավ խաղացին, իսկ 11 մետրանոցները լոտոյի նման բան է». Վարդան Մինասյան


Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի համար եվրոպական մրցաշրջանն ավարտված է, հայկական ակումբը չի խաղա ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլում, չնայած դրան ընդամենը կես քայլ էր մնում։ Պատմական հաջողությունը այնքան մոտ էր, որ Լյուքսեմբուրգ էին մեկնել ակումբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արթուր Վանեցյանը:

Երևանյան հաղթանակը առաջին անգամ Եվրոպա լիգայի խմբային փուլ հասնելու մեծ հույսեր էր պարգևել բոլորին. սեփական հարկի տակ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 2։1 հաշվով։

Իսկ ահա պատասխան խաղի մեկնարկը հայկական թիմի առավելությամբ անցավ։ Առաջին կեսի միջնամասում էլ «Արարատ-Արմենիա»-ն հաշիվը բացելու իրական հնարավորություն ստացավ, սակայն ռուս ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոն վրիպեց 11 մետրանոց նշակետից։ Այդուհանդերձ, Հայաստանը ներկայացնող թիմի գրոհները հաջողությամբ պսակվեցին, 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մաիլսոն Լիման։ Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց։ Դիմակայության չորրորդ 45 րոպեն էապես տարբերվեց նախորդներից, «Դյուդելանժ»-ն ընդմիջումից հետո բացահայտ առավելություն ուներ և խաղակեսի հենց մեկնարկին հավասարեցրեց հաշիվը։

«Արարատ-Արմենիա»-ի մրցակցին դա բավարար չէր, հակամարտությունը փրկելու և խաղը գոնե լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար նրանց ևս մեկ գնդակ էր պետք։ «Դյուդելանժ»-ի ֆուտբոլիստները ճնշումն ավելացրին, վտանգավոր գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, իսկ «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստների մոտ հարձակման գծում մեծ հաշվով ոչինչ չէր ստացվում։ Ի վերջո, Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմը հիմնական ժամակի ավարտից ընդամենը 20 րոպե առաջ, խփեց նաև երկրորդ գնդակը՝ հավասարեցնելով դիմակայության ընդհանուր հաշիվը։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, այդ 30 րոպեների ընթացքում էլ ոչինչ չորոշվեց ու 11 մետրանոց հարվածաշար։ «Արարատ- Արմենիա»-ի բուլղարացի խաղացող Գեորգի Պաշովը վրիպեց՝ վերջ դնելով թիմի եվրոպական մրցաշրջանին։

Հետխաղային ասուլիսի ընթացքում «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախ շնորհավորեց մրցակցին, ապա ընդգծեց՝ չնայած պարտությանը, թիմը լավ գործ է արել։

«Նոր հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել տղաներին ու իմ աջակցություն եմ ցուցաբերել իրենց», - նշեց «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը։

Մինասյանի խոսքով՝ խաղն այնպիսին էր, որ ֆուտբոլիստներին քննադատել չի կարող:

«Լավ խաղացին, իսկ 11 մետրանոցները լոտոյի նման բան է», - ասաց Մինասյանը։

Խոսելով հանդիպմանը ներկա ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանի մասին, Մինասյանը հայտնեց, որ նա թիմի հետ սովորաբար չի շփվում, սակայն ընդգծեց, որ աջակցում է նրանց, թիմը ոչնչի կարիք չունի:

Ի դեպ, նա խաղից հետո շնորհակալություն է հայտնել թիմին. «Չնայած, որ հաղթանակին հասնելու համար մեզ ընդամենը մեկ գնդակ չբավականացրեց, թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իր իրական համախմբվածությունն ու նպատակասլացությունը»:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բազմաթիվ երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեր ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին: Սա արժանավայել խաղ էր: Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ:
Վստահ եմ, որ ակումբին ապագայում դեռ շատ հաջողություններ են սպասում», - նշել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG