Մատչելիության հղումներ

Moody's գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը


Հեղինակավոր «Մուդիզ» վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի կառավարության արտոնյալ պարտքի վարկանիշերը: Այսպիսով «Մուդիզ»-ը դրականից կայուն է գնահատել արտոնյալ պարտքի հեռանկարը։

Դրական տեղաշարժը, ըստ վարկանիշային կազմակերպության, պայմանավորված է Հայաստանի մակրոտնտեսական կայունությամբ, կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգով, դրանք կատարելու հանձնառությամբ, հարկաբյուջետային քաղաքականությամբ և տնտեսության կառուցվածքային փոփոխություններով։

«Ըստ էության, արտացոլում է սա էն տեղաշարժերը, որոնք մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել նախորդ ժամանակահատվածում: Գնահատված է սրանով իսկ այն մակրոտնտեսական կայունությունը, որ առկա է, որ բավականին երկար ժամանակ կա, և կայուն տնտեսական զարգացումը՝ իր որոշակի կոնկրետ բնութագրերով: Ասենք, տնտեսության դիվերսիֆիկացիան», - նշում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Ըստ «Մուդիզի», Հայաստանի տնտեսական աճի շարժիչները դարձել են առավել բազմազան, ինչը նպաստում է ցնցումների նկատմամբ տնտեսության կայունության ամրապնդմանը: Գործակալությունը կանխատեսում է, որ Համախառն ներքին արդյունքի իրական աճը Հայաստանում կմնա բարձր միջնաժամկետ հեռանկարում՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում գտնվելով 5,5-6 տոկոսի մոտակայքում:

Զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և թեթև արդյունաբերությունը, ներառյալ տեքստիլը, որոնք նպաստել են 2018 թվականի աճին, ըստ «Մուդիզ»-ի, կշարունակեն հաստատուն կերպով ընդլայնվել․ - «Մասնավորապես, հյուրանոցներում ընթացող ներդրումները կբարձրացնեն զբոսաշրջության կարողությունները, կառուցվում են նոր տեքստիլ գործարաններ, իսկ ՏՏ ոլորտի ընկերությունների և նախագծերի թիվը արագորեն աճում է: Այս աճի շարժիչների բնույթն ու լայնությունը նշանավորում են հեռացումը հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ավանդական ոլորտներից, որոնք նախորդ երկու տասնամյակների ընթացքում առաջ էին մղում տնտեսական գործունեությունը»:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի պետական պարտքի բեռը կայունորեն կնվազի։ Ասվում է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական եկամուտները աճել են 25 տոկոսով։ Ըստ վարկանիշային կազմակերպության, դա Հայաստանի համար վերջին տասնամյակում ամենաարագ աճի տեմպն է․ - «Moody's-ը ակնկալում է, որ փոփոխությունները պետք է ունենան համեստ դրական ազդեցություն ներդրումների և ծախսերի վրա` հաշվի առնելով ավելի ցածր հարկային բեռը, և կարճաժամկետում եկամուտների առումով հիմնականում կլինեն չեզոք: Միջնաժամկետ կտրվածքով հարկերի ավելի պարզ օրենսգիրքը կնպաստի հարկերի պահպանմանը»:

Զեկույցում կանխատեսվում է, որ Հայաստանի պետական պարտքի բեռը կայունորեն կնվազի։

«Երկար տարիներ մեր պետության արտաքին պարտքը աճում էր, աճը կանգ է առել, անգամ մենք ունենք նվազում։ Սա գլոբալ իմաստով պոզիտիվ մթնոլորտ է ստեղծում Հայաստանի շուրջ և հնարավորություն է տալիս, որ առաջակայում ինչ լուծումներ որ ունենանք, ավելի արդյունավետ լինել, ավելի պոզիտիվ լինեն», - ասում է Բագրատ Ասատրյանը:

Մեկ այլ տնտեսագետ, Սուրեն Պարսյանը նշում է․ - «Եթե մենք կարողանանք պահել այս աճի տեմպը, զուգահեռաբար կարողանանք ներդրումներ ներգրավվել, կարող ենք պահպանել այս վարկանիշը»:

Սակայն, Պարսյանի կարծիքով, ներկայիս տնտեսական դինամիկան չի երաշխավորում, որ կպահպանվի «Մուդիզ»-ի կայուն վարկանիշը՝ հիշեցնելով, որ Հայաստանը նույն վարկանիշներն արձանագրել է նաև 2015 թվականին։

Նա տնտեսական համակարգում կառուցվածքային փոփոխության անհրաժեշտություն է տեսնում․ - «Նշվում էր, որ Հայատսանում դեռևս ինստիտուտների, հաստատությունների կայացման խնդիր կա, և այս մասով մեծ անելիքներ ունենք։ Այսինքն՝ եթե ուզում ենք միջնաժամկետ, երկարաժամկետ կայուն, դինամիկ աճ ունենանք, պետք է վերանայենք մեր տնտեսական համակարգը, ինստիտուտները, որը դեռևս չի իրականացվել: Եվ վստահաբար այս մեկ տարվա ընթացքում այդպիսի հեղափոխական միջոցներ մենք չենք կարող անել»:

Մինչդեռ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսության մեջ դրական տեղաշարժերը կպահպանվեն․ - «Մենք էսպես ունենք կայուն դրական զարգացում։ Եթե ինձ հարցնեք, արդյո՞ք սա բավարար է լուծելու համար էն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև, միանշանակ՝ ոչ։ Մենք ունենք խոր, շատ խոր խնդիրներ և պետք են մեզ շատ ավելի բարձր տեմպեր, բայց էն, ինչ ունենք, արդեն իսկ դրական է»:

«Մուդիզ»-ն այս տարվա մարտին Հայաստանի վարկային նկարագիրը նույնպես դրական էր գնահատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG