Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդները արձագանքում են նախագահի հրամանագրին


Երկուշաբթի օրը ստորագրած հրամանագրով նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին զրկել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից՝ ղեկավարվելով բոլորովին վերջերս՝ հուլիսի 18-ին, իր իսկ ստորագրությամբ հաստատված «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքով: Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվել էր 2000 թվականի մայիսին՝ վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո:

«Քանի որ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնանկությունից հետո կադրերի տրամադրության տակ էր թողնված, ուստի Սահմանադրությամբ զինվորական բարձրագույն կոչումներ շնորհելու իրավասություն ունեցող հանրապետության նախագահը վերը նշված օրենքով էլ կարող էր զրկել կոչումից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պաշտպանության ներկայիս նախարար Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սեյրան Շախսուվարյանը: Ըստ նրա, Վաղարշակ Հարությունյանը այլեւս գեներալ-մայոր է:

Մասնագետների մեկնաբանությամբ, սակայն, Սահմանադրության 116-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն հանրապետության նախագահն իրականացնում է միայն Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Իսկ Սահմանադրությունը նախագահին նման (զինվորական կոչումից զրկելու) լիազորություն չի վերապահում:

«Կարծում եմ, ամեն ինչ օրենքի սահմաններում է», - երեքշաբթի օրը, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: - «Հանրապետության նախագահը ինքն է որոշում: Ինքն է շնորհում գեներալի կոչում, ինքն էլ կարող է զրկել»:

Վաղարշակ Հարությունյանը այսօր որոշ պարզաբանումներ տվեց «Ազատություն» ռադիոկայանին: Նա ասաց, որ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը ստացել է 1996 թվականին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարության օրոք: 2000 թվականի մայիսին, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ազատվել էր պաշտպանության նախարարի պաշտոնից, դիմել էր իրեն զորացրելու եւ կենսաթոշակի ուղարկելու խնդրանքով: Սակայն երկու տարվա ընթացքում բարձրագույն սպան, իր իսկ խոսքերով, ո'չ աշխատավարձ է ստացել, ո'չ կենսաթոշակ եւ ո'չ էլ նրան զորացրելու մասին որոշում է կայացվել:

Այնինչ «Զինվորական ծառայության անցնելու մասին» նոր օրենքի համաձայն, զինծառայողները կադրերի տրամադրության տակ են թողնվում ոչ ավելի, քան երկու ամիս:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի, բարձրագույն սպային կոչումից զրկելու համար հիմքեր են պետք, ինչը ձեռք է բերվում ծառայական քննություն անցկացնելուց, տվյալ անձից բացատրություն վերցնելուց եւ եզրակացությունը նրան ներկայացնելուց հետո:

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդները դեռեւս ձեռնպահ են մնում նախագահի հրամանագրին իրավական գնահատականներ տալուց: Այդուհանդերձ «Հանրապետության» կուսակցության համանախագահներ Ալբերտ Բազեյանն ու Արամ Սարգսյանը քաղաքական եւ բարոյական որոշ գնահատականներ հնչեցրին:


Ալբերտ Բազեյանի խոսքերով, նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է բանակի սպայական կազմին ցույց տալ, թե «ձեր կոչումներն էլ են ինձանից կախված, ձեր պաշտոններն էլ են ինձանից կախված»: «Քաղաքական դաշտը պառակտելուց, քաղաքական դաշտը փոշիացնելուց հետո, նա փորձում է նաեւ արդեն բանակին, զինվորականությանը ներքաշել միմյանց դեմ առճակատման մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բազեյանը:

Թե' Արամ Սարգսյանի եւ թե' Ալբերտ Բազեյանի մեկնաբանությամբ, հրամանագրի համար հիմք է հանդիսացել Վաղարշակ Հարությունյանի քաղաքական գործունեությունը, հատկապես, երբ վերջինս սկսել է քաղաքական գնահատականներ տալ Ռոբերտ Քոչարյանի գործելակերպին:

«Այսինքն, մենք ինչ-որ բաներ անում ենք», - ասաց Արամ Սարգսյանը, - «որ նախագահը նման բաների է գնում: Պիտի ասեմ , որ այդ քայլերը նույնությամբ շարունակվելու են թե' Վաղարշակ Հարությունյանի կողմից, թե' մեր կողմից»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG