Մատչելիության հղումներ

ՌՈ գնդապետը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և այլ մեղադրանքներով․ ՔԿ


Ռուսական ռուբլու թղթադրամներ, արխիվ
Ռուսական ռուբլու թղթադրամներ, արխիվ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի (ԶՔԳՎ ՀԿԳ) քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության (ՊՆ ՌՈ) բաժանմունքի պետին:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 2015 թվականի նոյեմբերի 30-ից սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ․-ի որդու՝ Վ.Մ․-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ Վ.Մ.-ի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին», բացի այդ, 2014-ի հոկտեմբերից մինչև 2016-ի հունվար ժամանակահատվածում «կատարել է հանցանք կատարած անձ Վ.Մ.-ի պարտակում»:

Այնուհետև, շարունակում է Քննչական կոմիտեն, գնդապետը, «իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Վ.Մ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու նպատակով պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, այն է՝ գումարի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում, Վ.Մ.-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցերը կարգավորելու, իսկ հետագայում՝ նաև զինվորական գրքույկ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս հոր՝ Է.Մ.-ի հետ, ապա 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, կանխիկ և բանկային փոխանցումների միջոցով, որպես կաշառք անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 68 միլիոն 160 հազար ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 6 միլիոն ՌԴ ռուբլի գումար»:

«Բացի այդ, գնդապետը, գործելով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. նոյեմբեր ամսին, Վ.Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև նրա ծնողների՝ ՌԴ Նախոդկա քաղաքում գտնվող գույքն իր ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով Վ.Մ.-ին ներկայացրել է իր օգտին գույքային գործողություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերի՝ 7 միլիոն 160 հազար ՀՀ դրամին համարժեք, 1 միլիոն ՌԴ ռուբլի գումար տալու պահանջ»:

Գնդապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով, 334-րդ հոդվածի («Հանցագործությունը պարտակելը») 1-ին մասով, 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 4-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ («Շորթումը») հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG