Իտալիայում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման հարցով երկօրյա խորհրդակցություններից հետո նախագահ Սերջիո Մատարելան հայտարարել է, թե հինգ օրից նոր բանակցություններ կսկսի քաղաքական ուժերի հետ:
Իտալիայի կառավարական ճգնաժամը շարունակվում է օգոստոսի 8-ից: 14 ամիս կյանք ունեցած կոալիցիային մաս կազմող «Լիգա» կուսակցության առաջնորդ, փոխվարչապետ Մաթեո Սալվինին պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Քաղաքական գործիչը նշել է, որ «Լիգա»-ի և կոալիցիոն գործընկերոջ՝ «Հինգ աստղ» շարժման միջև խորացող տարաձայնությունների պատճառով խորհրդարանում իշխող մեծամասնություն չկա:
Օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Ջուզեպե Կոնտեն, այժմ նախագահը պետք է որոշի՝ կա՞ն արդյոք նոր մեծամասնություն ձևավորելու պայմաններ: Հակառակ դեպքում կստեղծվի անցումային կաբինետ մինչև նոր ընտրությունների անցկացումը: