Մատչելիության հղումներ

Գրենլանդիայի շուրջ դիվանագիտական սկանդալը չի մարում


Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ

Անհեթեթ առաջա՞րկ, թե՞ տնտեսական հաշվարկ ու հեռուն գնացող աշխարհքաղաքական նախաձեռնություն․ վերլուծաբանները դեռ չեն կողմնորոշվում, թե ինչպես բնորոշեն աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան գնելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը, որն արդեն իսկ դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել Կոպենհագենի և Վաշինգտոնի հարաբերություններում:

Երկու երկրների առաջնորդները մի քանի օր է փոխադարձ կշտամբանքներ են հնչեցնում և թեժ բանավիճում աշխարհի ամենացուրտ անկյուններից մեկը համարվող տարածքի համար:

Դանիայի վարչապետը նախօրեին անհեթեթություն է որակել Սպիտակ տան ղեկավարի մտադրությունը:

«Գրենլանդիան չի վաճառվում, դա թերևս ապրիլմեկյան կատակ էր», - հայտարարել է տիկին Մետտե Ֆրեդերիկսենը:

Ժամեր անց նախագահ Թրամփը անվայել է որակել Դանիայի վարչապետի արձագանքն ու նախատեսված այցից երկու շաբաթ առաջ հայտարարել՝ չի գնա Դանիա, քանի որ այդ երկրում քննարկելու բան այս պահին չկա․ - «Վարչապետի հայտարարությունն իմ առաջարկի մասին վայելուչ չէր, ոչ էլ համարժեք: Նա ընդամենը պետք է ասեր՝ ոչ, մենք հետաքրքրված չենք: Կարող էին մերժել ինձ և վերջ: Բայց սա մի առաջարկ է, որը քննարկվել է տարիներ շարունակ՝ 1900-ականներից սկսած, նաև Գարի Թրումանի օրոք, ով այդ գաղափարը շատ էր պաշտպանում: Եվ ես էլ կարծում եմ, որ դա լավ առաջարկ է, քանի որ Դանիան տարեկան 700 միլիոն դոլար է կորցնում և որևէ բան չի շահում»:

Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսներում ընկած ինքնավար կղզին գերտերությունների, այդ թվում Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում է վաղուց: Հենց այս տարածքով է անցնում Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա տանող ամենակարճ ճանապարհը: Սառը պատերազմի օրերից դեռ Միացյալ Նահանգները համաձայնագիր է կնքել Դանիայի հետ, որը հնարավորոթյուն է տալիս ամերիկացի զինվորականներին օգտվել Գրենլանդիայի հյուսիսում գտնվող ռազմակայանից: Պենտագոնը չի թաքցնում, որ ուզում է է՛լ ավելի ընդարձակել իր ներկայությունը ռազմավարական նշանակություն ունեցող Արկտիկայում՝ Չինաստանից ու Ռուսաստանից սպառնացող մարտահրավերներին դիմակակելու համար: Հենց այդ հաշվարկներով էլ նախագահ Գարի Թրումանը, դեռ 1946-ին՝ Երկրորդ համաշխահայինից հետո դանիացիներին 100 միլիոն դոլար էր առաջարկել Գրենլանդիայի համար, որն այն ժամանակ թագավորության գաղութներից մեկն էր: Գործարքը, սակայն, չէր կայացել:

Աշխարհագրական բարենպաստ դիրքից բացի, հսկայական կղզին, ըստ գիտնականների ու քաղաքագետների, նաև կարևորագույն ռազմավարական նշանակություն ունի և ահռելի ներուժ: 2 միլիոն քառակուսի կիլոմետրանոց Գրենլանդիայի 80 տոկոսը սառույցով է ծածկված: Կզղու բնակչությունը ընդամենը է 60 հազար է, սակայն տարածքը հարուստ է բնական պաշարներով, այդ թվում՝ նավթով ու ուրանով, որոնց արդյունահանումը ավելի ու ավելի դյուրին է դառնում՝ սառցաշերտի հալոցքի պատճառով: Այս ամսվա սկզբին դեռ հաղորդվել էր, որ Գրենլանդիայում ընդամենը մեկ օրվա ընթացքում 10 միլիարդ տոննա սառույց է հալվել ու օվկիանոսը լցվել:

Բացի այդ, Գրենլանդիայի ընդերքում կան հազվագյուտ մետաղներ՝ նեոդիում, պրազեդիում, դիսպրոզիում, որոնք խիստ անհրաժեշտ են ժամանակից բարձր տեխնոլոգիաների արտադրության համար: Ընդ որում, այս մետաղների 70 տոկոսն այսօր արդյունահանվում է Չինաստանում, որի հետ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային վեճերի մեջ է ընտրվելու առաջին իսկ օրից:

Ռուս քաղաքագետ, Աշխարհի ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Պավել Բաևի համոզմամբ, Գրենլանդիայի հանդեպ Սպիտակ տան ղեկավարի հետաքրքրության իրական պատճառը հենց այստեղ է թաքնված․ - «Նախագահ Թամփի ընթացիկ քաղաքականության մեջ ակնհայտ է նրա կենտրոնացվածությունը Չինաստանի վրա: Փաստացի Գրենլանդիան՝ իր սառույցներով, բնական պաշարներով ու ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքով, հետաքրքիր է Դոնալդ Թրամփին, քանի որ այդ կղզով հետաքրքրվում է նաև Չինաստանը»:

Պեկինն իսկապես չի թաքցնում իր հետաքրքրությունը սառցաշերտով ծածկված կղզու նկատմամբ, և մի քանի տարի ի վեր հետևողականորեն առաջ է տանում արկտիկական առևտրային ճանապարհ ստեղծելու գաղափարը: Անցած տարի Չինաստանը անգամ հայտարարել էր, թե պատրաստվում է Գրենլանդիայում 2 օդանավակայան կառուցել: Նախաձեռնությունը, սակայն, մնացել էր թղթի վրա՝ Կոպենհագենի միջամտություններից հետո:

Ռուսաստանն էլ իր հերթին է իր ռազմական հզորությունն ամրապնդում Արկտիկայում՝ ընդարձակելով այստեղ տեղակայված ամենամեծ հյուսիսային ռազմակայանը:

Մերժելով առանցքային նշանակություն ունեցող այս տարածքը վաճառելու նախագահ Թրամփի առաջարկը՝ Դանիայի վարչապետը միաժամանակ հույս է հայտնել, որ այդ որոշումը այսբերգ չի դառնա Կոպենհագենի և Վաշիգտոնի՝ ավանդաբար ջերմ հարաբերություններում:

XS
SM
MD
LG