Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի առաջին տիկինը դպրոցներ է բացում գործազուրկների ու բարձրագույն կրթություն չունեցողների համար


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը Ելիսեյան պալատում, արխիվ

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը մտադիր է դպրոցներ բացել գործազուրկների ու բարձրագույն կրթություն չունեցողների համար և անձամբ զբաղվել նրանց ուսուցանմամբ: France 3-ի հաղորդմամբ՝ ծրագիրը կոչվում է Զբաղվածության մասնագիտական ինստիտուտ, ֆրանսերեն հապավումը՝ LIVE, որ թարգմանաբար անգլերենից նշանակում է ապրել:

Դպրոցներից առաջինը կբացվի այս ուսումնական տարում Փարիզի արվարձաններից մեկում՝ Քլիշի-սու-Բուայում: Վայրը, ինչպես նշում են լրատվամիջոցները, պատահական չի ընտրվել․ ըստ վիճակագրության, սա Ֆրանսիայի այն շրջաններից է, որն աչքի է ընկնում ներգաղթյալների ու աշխատանք փնտրողների մեծ թվով: Երկրորդ դպրոցը նախատեսվում է բացել հաջորդ տարի Լիոնից քիչ հեռու գտնվող Վալանսում:

Դպրոցների մանկավարժական խորհրդում Ֆրանսիայի առաջին տիկնոջից բացի մի շարք հանրահայտ աստղեր ու քաղաքական գործիչներ կան, այդ թվում՝ շեֆ-խոհարար Տյերի Մարքսը, Քլիշի-սու-Բուայի քաղաքապետ Օլիվյե Կլայնն ու ռեփեր Ben-J-ն՝ Nèg' Marrons խմբից:

Ըստ ծրագրի, դպրոցներում սովորելու համար ընտրվելու են հիսուն աշակերտներ՝ 25-30 տարեկան, բոլորն էլ՝ առանց բարձրագույն կրթության ու աշխատանքի: 9 ամիս նրանց անվճար սովորեցնելու են հիմնարար առարկաներ՝ ֆրանսերեն, անգլերեն, մաթեմատիկա և այլն, օգնելու են աշխատանք փնտրելու և աշխատանքի տեղավորվելու հայտերը լրացնելու հարցում:

Առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը, իր իսկ խոսքով, դպրոցում դասավանդելու է առնվազն ամիսը մեկ անգամ: Բացի այդ, հաղորդվում է, որ նախագահ Մակրոնի կինը նաև նոր բացվող դպրոցների կրթական ծրագրի մշակմանն ու հաստատմանն է մասնակցել:

Փաստացի, ուսուցչական գործունեությունը նորություն չէ տիկին Մակրոնի համար: Մինչ Ելիսեյան պալատ գալը նա տևական ժամանակ ֆրանսերեն էր դասավանդում Փարիզի հեղինակավոր դպրոցներից մեկում, Էմանյուել Մակրոնը ևս նրա աշակերտն է եղել, և հենց դպրոցում է զույգը ծանոթացել ու սիրահարվել: Ելիսեյան պալատ գալուց հետո՝ 2015 թվականից արդեն տիկին Մակրոնը ամբողջովին նվիրվել է ամուսնու քաղաքական կարիերային, բայց երբեք չի թաքցրել, որ կարոտում է դպրոցն ու դասավանդումը:

66-ամյա տիկինը նաև մշակույթով է հետաքրքրվում, և Ֆրանսիայում, ինչպես նաև ամուսնուն ուղեկցելիս՝ արտասահմանյան այցերի ընթացքում մշակութային օջախներ այցելելու առիթը բաց չի թողնում: Անցած տարի, օրինակ, Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ տիկին Մակրոնը եղել էր Երևանի մի քանի թանգարաններում, այդ թվում՝ Գաֆեսչյան կենտրոնում, ապա լրագրաղների հետ զրույցում վստահեցրել՝ «այս այցը երբեք չենք մոռանա»:

Հաղորդվում է, որ Ֆրանսիայում առաջիկայում բացվելիք դպրոցներում Բրիժիտ Մակրոնը ֆրանսերենից բացի նաև ժամանակակից արվեստի ու մշակույթի դասեր կտա:

XS
SM
MD
LG