Մատչելիության հղումներ

Բրիժիտ Մակրոն․ «Շնորհակալություն Հայաստանին այս արտառոց ընդունելության համար»


Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 12-ը հոկտեմբերի, 2018թ․
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 12-ը հոկտեմբերի, 2018թ․

«Սա արտառոց ուղևորություն է, որը երկար կհիշենք», - ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը:

Առավոտից նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պետությունների ղեկավարների տիկնանց հետ եղավ Երվանդ Քոչարի թանգարանում, շրջեց այնտեղ, ծանոթացավ Քոչարի ստեղծագործություններին: Այնուհետև զբոսնելով քայլեց դեպի Գաֆեսչյան արվեստի կենտրոն, շրջեց գրեթե բոլոր ցուցասրահներում, ծանոթացավ ցուցանմուշներին: Դուրս գալով՝ Բրիժիտ Մակրոնը շատ կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, խոսեց նաև առաջին տիկնանց դերի մասին՝ ընդգծելով, որ կոնկրետ իր համար ամենից կարևորը Ֆրանսիային ծառայելն է և Ֆրանսիային պատիվ մատուցելը:

«Շնորհակալություն Հայաստանին այս արտառոց ընդունելության համար: Շատ բան ավելի լավ հասկացանք՝ լինելով այստեղ, և այլևս ցանկություն չունենք հեռանալու: Սա արտառոց ուղևորություն է, որի մասին երկար կհիշենք և կրկին կայցելենք», - ասաց Ֆրանսիայի առաջին տիկինը:

Տիկին Մակրոնը բավական բարձր տրամադրություն ուներ, ողջունում էր հավաքված քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեին նրա հետ լուսանկարվելու կամ պարզապես ձեռքը սեղմելու:

Կասկադի ֆոնին խմբակային լուսանկարվելուց հետո առաջին տիկնայք տեղի սրճարաններից մեկում ճաշեցին, ինչից հետո Բրիժիտ Մակրոնը իր անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին զբոսնելով եկավ Օպերայի շենքի բակում տեղակայված Ֆրանկոֆոնիայի ավան, այցելեց Ֆրանսիայի և Հայաստանի տաղավարները: Հայաստանի տաղավարում նրան գիրք և ցորենի հասկեր նվիրեցին:

Այնուհետև քայլելով, գրեթե յուրաքանչյուր քայլափոխի կանգ առնելով, քաղաքացիների հետ լուսանկարվելով, նրանց ձեռքերը սեղմելով, Ֆրանսիայի առաջին տիկինը հասավ այն հյուրանոց, որտեղ բնակվում է Էմանյուել Մակրոնի հետ Երևան այցի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG