Մատչելիության հղումներ

Գործադիրը կուսումնասիրի Ամուլսարի հարցով միջազգային փորձաքննության արդյունքները. Փաշինյան


Կառավարության նիստ, 15-ը օգոստոսի, 2019 թ.

Գործադիրի նիստն այսօր ուղեկցվեց բնապահպանների բողոքի ակցիայով։ «Հայկական բնապահպանական ճակատի» անդամները մանիպուլյացիա են համարում Քննչական կոմիտեի մեկնաբանությունը Ամուլսարի ոսկու հանքի միջազգային փորձաքննության վերաբերյալ։ Իսկ գործադիրում դեռ չեն շտապում դիրքորոշում հայտնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ իրենք կուսումնասիրեն Ամուլսարի հարցով ELARD կազմակերպության փորձաքննության արդյունքները՝ եզրակացության գալու համար։
Մինչ այդ խնդրում է Քննչական կոմիտեի նախագահին հակիրճ ներկայացնել ստացված եզրակացությունը։ Կառավարության վրա 396 հազար դոլար արժեցած, Մոտ 200 էջից բաղկացած եզրակացությունից Հայկ Գրիգորյանը, իր ձևակերպմամբ, ամենակարևոր 3 կետերը ներկայացրեց։

«Առաջինը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա», - նշեց Քննչական կոմիտեի նախագահը։

Գրիգորյանի խոսքով՝ եզրակցությունը ցույց է տալիս, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանի միջև ևս կապ չկա։ Ասաց՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա հնարավոր է լինի, սակայն, եթե «Լիդիան»-ը ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող մեղմման 16 միջոցները, ապա այդ ռիսկերը կլինեն կառավարելի։ Քննչական կոմիտեի նախագահի խոսքով՝ «Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են առաջարկվող կետերը կիրառել, դրանցից 10-ն արդեն կիրառում են։ Մեկ մեղմման միջոցը դեռ քննարկման փուլում է։

«ELARD փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որը նախատեսում է մեղմմամ միջոցները կիրառել 500 տարի։ Ըստ էության, «Լիդյան» ՓԲ ընկերության մասնագետները չեն հրաժարվում 100 տարուց ավելի կիրառել մեղմման միջոցներ, եթե դրա անհրաժեշտությունը ապագայում կլինի», - ասաց Գրիգորյանը։

Քննչական կոմիտեի նախագահը ասաց՝ ստացված եզրակացության արդյունքում կարող է կարճվել Ամուլսարի քրեական գործը։ Այն հարուցվել էր Քրեական օրենսգրքի 282-րդ՝ Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու կամ դրանք դիտավորյալ աղավաղելու հոդվածով։

«Մեկ տարուց ավել քննվող քրեական գործով, որը որ հարուցված է եղել Քրեկան օրենսգրքի 282 հոդվածով, որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու», - ընդգծեց Հայկ Գրիգորյանը։

Մինչդեռ բնապահպանները Քննչական կոմիտեի՝ Ամուլսարի փորձքաննության վերաբերյալ հայտարարություններն իրականությունից հեռու են համարում։ Ասում են՝ գերատեսչությունն իրեն ձեռնտու հատվածներն է մեջբերում, այնինչ միջազգային ընկերության եզրակացությունը փաստում է՝ Ամուլսարի ոսկու հանքը չի կարող շահագործվել։

«Էս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եղած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում փաստաթուղթը, որի հիման վրա տրվել է թույլտվություն այդ փաստաթուղթը թերի է, ամբողջական չի, ճիշտ չի գնահատել ազդեցությունը։ Այսինքն 2016 թվականին տրված դրական եզրակացությունը, թույլտվությունը փաստացի սխալ, կեղծված ինֆորմացիայի վրա է տրվել։ Կառավարությունը խելացի կլինի ու հակապետական, հակաժողովրդական որոշում չի կայացնի, որովհետև ժողովուրդը դեմ է այդ հանքին, համայնքները դեմ են այս հանքին։ Համայնքները հա՛մ իրանց 3000 ստորագրությամբ են էդ արդեն ապացուցել, հա՛մ մի տարի օր ու գիշեր էդ պոստերը պահելով են ապացուցել», - ասաց բնապահպան Աննա Շահնազարյանը։

Բնապահպանները ցանկանում էին ուսումնասիրության վերաբերյալ իրենց մեկնաբանությունն անձամբ կառավարության նիստին վարչապետին ներկայացնել, սակայն կառավարությունից թույլ չտվեցին նրանց ներս մտնել։ Ավելի ուշ վարչապետի օգնականին առաջարկեցին հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Որոշ ժամանակ անց, գործադիրից տեղեկացրին, որ վարչապետը զբաղված է, սակայն պատրաստ է բնապահպանների հետ հանդիպել մի քանի օրից՝ լսելու նրանց բարձրացրած հարցերը։

«Լիդիան Արմենիան», ի դեպ, ողջունում է փորձագիտական եզրակացության արդյունքները։ Ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը հայտարարել է․ «Փորձաքննական եզրակացության հրապարակումը սպասված իրադարձություն էր, քանի որ ՀՀ կառավարությունը բազմիցս նշել է, որ «Լիդիան»-ը հնարավորություն կունենա շարունակել Ամուլսարի ծրագրի իրականացումը փորձաքննության արդյունքներից կախված։ Այժմ պետք է ծանոթանանք փորձաքննական եզրակացության ամբողջական տեքստին և վստահենք, որ այն կհաստատի շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ «Լիդիան»-ի խիստ ուշադիր մոտեցումը»։

Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Ամուլսարի ոսկու հանք տան ճանապարհն արդեն 1 տարուց ավելի է՝ փակ է։ Այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուսլարի հարակից համայնքների բնակիչները, որոնք դեմ են իրենց համայնքների տարածքում հանքարդյունաբերության իրականացմանը։

XS
SM
MD
LG