Մատչելիության հղումներ

Գյումրին շրջանցող ճանապարհը թույլ կտա, որ ռուսական ռազմաբազայի զինտեխնիկան քաղաք չմտնի


Շիրակի մարզում աննախադեպ ճանապարհաշինական ծրագիր է իրականացվում: Հիմնանորոգվում են այնպիսի ճանապարհներ, որտեղ վերջին անգամ «ասֆալտի երես տեսել» էին խորհրդային տարիներին: Խոսքը, մասնավորապես, դեպի Ամասիա տանող ճանապարհի մասին է:

Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյաննն ասում է, որ նման ծավալի ճանապարհաշինական ծրագիր պետական բյուջեի միջոցներով մարզում երբևէ չէր իրականացվել․ - «Այս պահի դրությամբ մարզում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին իրականացվող աշխատանքների երկարությունը կազմում է շուրջ 36 կիլոմետր: Իրականացվող աշխատանքների ավարտին կծախսվի ընդհանուր առմամբ շուրջ 2,5 միլիարդ դրամ գումար»:

Կան ճանապարհներ, որտեղ միայն փոսալցում են իրականացնում, քանդված ասֆալտի կտորներն են օգտագործվում: Այս եղանակով փորձել են վերանորոգել Արթիկի տարածաշրջանի գյուղական համայնքների ճանապարհները: Սակայն Փանիկ - Սպանդարյան ճանապարհին կան հատվածներ, որտեղով անցնելը գրեթե անհնար է:

Ռուսական ռազմաբազայի զինտեխնիկան դեպի Ալագյազի զորավարժարան այդ ճանապարհով է տեղաշարժվում՝ շարքից հանելով ասֆալտը: Գոյացած փոսերն այնքան խորն են, որ վարորդներն ու հարակից գյուղերի բնակիչները կատակում են, թե կարծես ռմբակոծված լինի ճանապարհը:

«Ռուսական ռազմաբազայի զինտեխնիկան է հիմնականում նման փոսերի առաջացման պատճառը», - ընդգծում են այս հատվածով երթևեկող վարորդները: - «Ծանր մեքենաներ են անցնում, հիմնականում՝ ռուսական զորքի զինվորական մեքենաները»:

Անցած տարի, երբ Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպ արձանագրվեց, ռուսական կողմին առաջարկվել էր փոխհատուցել զինտեխնիկայի տեղաշարժի պատճառով համայնքների փողոցներին հասցված վնասը: Սակայն մինչև օրս Շիրակի մարզպետարանի բազմաթիվ գրությունները մնում են անպատասխան:

Խաչատուր Խնձրցյանն ասում է, որ փորձում են ճանապարհը երթևեկելի պահել փոսալցումներով․ - «Տեխնիկաները տեղափոխող տրանսպորտային միջոցների քաշը հասնում է շուրջ 100 տոննայի, իսկ այդ ճանապարհահատվածում երթևեկության նման ինտենսիվության պարագայում դժվար է ասել կպահպանվի, թե ոչ: Փորձում ենք ճանապարհը պահել ինչքան հնարավոր է երթևեկելի»:

Հիշեցնեմ, որ Գյումրիում ևս մի քանի տարի է, ինչ քաղաքային իշխանությունները դիմում են ռուսական կողմին, որ այն փողոցները, որտեղով ռազմաբազայի զինտեխնիկան է անցնում, վերանորոգվեն ռուսական կողմի տրամադրած գումարներով: Մի քանի տարի անընդմեջ քննարկվեց հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովում, թե 10 կմ ճանապարհ պատրաստ է ռուսական կողմը նորոգել: Այս տարի հանձնաժողովը նաև Գյումրի այցելեց, ճանապարհները դիտարկեց ու․․․ կրկին լռություն:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, որ հիմա պետական միջոցներով են Գյումրին շրջանցող ճանապարհ կառուցում, որ ռուսական ռազմաբազայի զինտեխնիկան քաղաք չմտնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG