Մատչելիության հղումներ

Հայկական զինուժը Տավուշի հյուսիսում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության տարածք


ՀՀ ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հայկական զինուժը Տավուշի մարզի հյուսիսային հատվածում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության տարածք: «Ազատության» հետ զրույցում Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ չեն կարող շատ մանրամասներ հայտնել, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը չի իրականացնում դիրքերի բարելավում:

«Ես պաշտոնապես ասել եմ և հիմա էլ եմ կրկնում, որ մենք էնքան էլ շահագրգռված չենք, որ տարածքների վերցնելու կամ դիրքերի փոփոխության լուրերը բարձրաձայնենք՝ տեղով, չափով, քանակով և այլն, դա մեր գործողությունների մարտավարությանը էնքան էլ չի համընկնում: Մենք լուռ մեր գործ ենք անում, որը իրական՝ զինվորականների համար իրական առավելություն կտա մարտական գործողությունների համար, և դա չենք անում նրա համար, որ դա բարձրաձայնենք, հատկապես՝ PR-ի համար», - ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Երբ որ կլինի ինչ-որ հատուկ իրավիճակներ, բան, դրա մասին միգուցե կտեղեկացվի կամ կցուցադրվի: Դա մշտական պրոցես է, մենք դա իրականացնում ենք բոլոր հատվածներում: Վերջին շրջանում ուղղակի Ադրբեջանը փորձեց դիվիդենտներ հավաքել տավուշյան ուղղությամբ, դրա համար էդ լուրերը կարծես թե դարձան հանրության համար հասանելի: Դա նաև մարդիկ, ովքեր ներքին ինֆորմացիային տիրապետում էին, հասկանում էին, որ վիրավոր ունեցանք, որոշակի լարվածության աճ կար և այլն, և բնականաբար՝ նման իրավիճակները հենց էնպես չեն լինում»:

«Ազատության» հարցին՝ «այնուամենայնիվ, քանի որ արդեն կարծես թե ինչ-որ բան հասանելի է դարձել, ի՞նչ կարևոր նշանակության հատվածներ են մեր տիրապետության տակ արդեն», ՊՆ խոսնակն արձագանքեց․ - «Դե մենք երկրորդական տարածքների համար, բնականաբար, չենք փորձում ուժերս լարենք, եթե փորձում ենք ուժեր լարենք, նշանակում է՝ դրանք տարածքներ են, որոնք կարևոր են մեզ համար: Չի կարող էս պահին լինել պաշտոնապես հայտարարված տարածքի տեղը, չափը, նշանակությունը և այլն»:

Դիտարկմանը, թե, օրինակ, «Շանթ» հեռուստաընկերության նյութում կարծես հաստատել էր, որ խոսքը գազատարի, միջպետական ավտոճանապարհի Տավուշով անցնող հատվածի մասին է, որը նշանառության տակ էր ադրբեջանցիների կողմից, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ես ընդամենը Ձեր նման տված հարցին տվել եմ նույնպիսի պատասխան, ինչպես տալիս եմ հիմա»:

Արդյոք արդեն ավելի անվտա՞նգ կլինի Տավուշի այդ հայտնի ճանապարհով անցնելը՝ այս առնչությամբ ՊՆ խոսնակն ասաց․ - «Ես չգիտեմ՝ որ տարածքի մասին եք խոսում, իրականում տավուշյան ուղղությամբ մենք մեկ-երկու հատված ունենք, որտեղ որոշակի վտանգ կար, և շրջանցող ճանապարհներ էին ժամանակին կառուցվել, որպեսզի վտանգը ավելի չեզոքացվի: Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մի տեղ էլ էդ վտանգը ավելի քչացել կամ չեզոքացվել է, այնուամենայնիվ, դեռ Տավուշի հատվածում կան տեղամասեր, որտեղ ճանապարհները հակառակորդի կրակի համար հասանելի են, և խորհուրդ չեմ տա, որ էդ ոգևորությունից ելնելով՝ մարդիկ պատկերացնեն, թե ամբողջ էդ հատվածներն այլևս անվտանգ են, և իրենց վտանգի ենթարկեն՝ գնալով այդ ուղղությամբ»:

Սոցիալական ցանցերով մասնավորապես իշխանական պատգամավորները, վերլուծաբանները հաղորդում են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տասնյակ հեկտարների՝ հայկական կողմի վերահսկողության տակ անցնելու մասին:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան Ֆեյսբուքում գրել է․ - «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»։

Քիչ անց էլ Արծրուն Հովհաննիսյանը նույն սոցիալական ցանցում գրեց․ - «ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»:

«Տարվա վերջին սպասում ենք որոշակի խմբաքանակ նորագույն զենքերի»

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի ու Սերգեյ Շոյգուի՝ երեկ Մոսկվայում կայացած հանդիպման մասին հարցին, թե ի՞նչ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, «մասնավորապես՝ նոր զենքի խմբաքանակ, նոր զինատեսակներ Ռուսաստանից հնարավո՞ր են առաջիկայում», ՊՆ խոսնակը պատասխանեց․ - «Պաշտպանության նախարարը Ռուսաստանի իր գործընկերոջ հետ հաճախ հանդիպում է ինչպես աշխատանքային այցի ժամանակ, այնպես էլ երկու պետությունների ռազմական համագործակցության տարբեր պլանային միջոցառումների շրջանակներում, այնպես էլ ՀԱՊԿ կամ այլ ֆորմատի միջազգային, միջպետական տարբեր միջոցառումների ժամանակ: Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը ընդգրկում է բավականին լայն սպեկտր, և դա, բնականաբար, չի առնչվում միայն զենք և զինամթերքին․ մենք համագործակցում ենք տեխնիկական ոլորտներով, կրթության և մարտական պատրաստության, ինչը շատ ավելի վերջին շրջանում կարևորում ենք՝ համատեղ զորքերի զորավարժություններ, մարտական պատրաստության բարձրացում և այլն»:

«Զենք-զինամթերքի մասով պաշտպանության նախարարը վերջերս առիթ ունեցավ հայտարարելու, որ, այո, մենք ունենք շատ հստակ պայմանավորվածություններ, մենք այս տարի էլ՝ տարվա վերջին, սպասում ենք որոշակի խմբաքանակ նորագույն զենքերի, զինամթերքի, պահեստամասերի և այլն, և դա, ըստ էության, պետք է ասեմ, ինչ-որ առումով որ նաև մշտական պրոցես է: Երբեմն ուղղակի էդ գործընթացները մի փոքր ծավալային առումով մեծացվում են, մի փոքր փոքրացվում են, բայց երբեք չեն դադարում, որովհետև մեր Զինված ուժերի մարտունակության բարձրացումը ենթադրում է մշտական ռազմատեխնիկական համալրվածություն: Պարոն Տոնոյանը դեռ Ռուսաստանում է, և այցի պլանով շարունակվում է: Առաջիկայում եթե լինի միջոցառումների հանրայնացնելու առիթներ, մենք դրա մասին կիրազեկենք», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

XS
SM
MD
LG