Մատչելիության հղումներ

Ռուսաստանում պարզում են օդանավի միջադեպի պատճառները


Ռուսաստան - Հրշեջները մարում են հրդեհը դաշտում արտակարգ վայրէջք կատարած օդանավում, 15-ը օգոստոսի, 2019թ․
Ռուսաստան - Հրշեջները մարում են հրդեհը դաշտում արտակարգ վայրէջք կատարած օդանավում, 15-ը օգոստոսի, 2019թ․

Ֆրանսիական Քաղավիացիայի անվտանգության բյուրոն մասնակցելու է Մոսկվայի մարզում երեկ տեղի ունեցած օդանավի միջադեպի հետաքննությանը: Բյուրոյի երեք մասնագետներ, ինչպես նաև Airbus-ի խորհրդատուները այսօր կժամանեն դեպքի վայր: Այդ մասին բյուրոն հայտնել է Թվիթերում:

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության՝ «Ռոսավիացիա»-ի համաձայն, «սև արկղերը» չեն վնասվել և արդեն դուրս են բերվել ինքնաթիռից:

Ural Airlines ավիաընկերության Airbus A321 օդանավը թռիչք էր իրականացնում Մոսկվա-Սիմֆերոպոլ երթուղով: Օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռը բախվել է թռչունների երամին, հրդեհ է բռնկվել, և շարժիչները շարքից դուրս են եկել: Օդաչուները ինքնաթիռն իջեցրել են մոտակա դաշտում: Վերջին տվյալների համաձայն՝ 76 մարդ դիմել է բժշկական օգնության, նրանց բոլորի վիճակը բավարար է: Օդանավում եղել են 230 ուղևորներ:

Մինչ այս պահը հստակ չէ միջադեպի իրական պատճառը: «Ռոսավիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն երեկ հայտնել է, որ Airbus-ի արտակարգ վայրէջքի մանրամասներն ու հանգամանքները պարզելու է հատուկ հանձնաժողովը, և դեռ վաղ է խոսել պատճառների մասին:

Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևի որոշմամբ՝ ինքնաթիռի օդաչուները կստանան պետական պարգևներ: Ռուսական ու արևմտյան մամուլը շեշտում է, որ օդաչուներն ըստ էության հրաշք են գործել, նման իրավիճակում զոհերն անխուսափելի էին, բայց նրանք կարողացել են օդանավն այնպես իջեցնել, որ զոհ չի եղել:

Հիմնական հարցը, որ այսօր բարձրացնում է ռուսական մամուլը, Ռուսաստանի օդանավակայանների անվտանգությունն է: Միջադեպի պատճառները, ռուսական մամուլի համաձայն, երկուսն են՝ ապօրինի աղբանոցը և, ըստ այդմ, թռչունները օդանավակայանի մոտակայքում, և Մոսկվայի ամենանոր՝ «Ժուկովսկի» օդանավակայանի թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունների թերի աշխատանքը:

Մոսկվայի մարզի իշխանությունները երեկ հայտարարել են, թե «Ժուկովսկի» օդանավակայանի հարևանությամբ գտնվող ապօրինի աղբանոցը չի կարող գրավիչ լինել թռչունների համար, քանի որ չի պարունակում կենցաղային աղբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG