Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբան․ Ազատագրված տարածքները ապրիորի չեն կարող համարվել Արցախի մաս


Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյան, արխիվ

Պաշտոնական Ստեփանակերտը արձագանքում է Հայաստանում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի երեկվա աղմկահարույց հայտարարությանը՝ հիշեցնելով, որ Արցախի Սահմանադրության համաձայն, ազատագրված տարածքները համարվում են Արցախի անբաժան մաս:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում ընդգծեց` «ցանկացած հայրենասեր մտածում է, որ վերադարձ անցյալին չի լինելու՝ այդ թվում սահմանների առումով»:

«Գոյություն ունի Արցախի Հանրապետության Սահմանադրություն, այդ Սահմանադրությունում ամեն ինչ նշված է։ Ընդհանրապես Արցախի Հանրապետության սահմանները և տարածքը իր մեջ ներառում է նախկին ԼՂԻՄ-ը, ԼՂԻՄ-ի մի մասը, որովհետև կան տարածքներ, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից՝ Մարտունու և Մարտակերտի, այսպես ասած, շրջանների որոշ հատված, Շահումյանի շրջանը նախկին և Գետաշենի շրջանը օկուպացված են նույնպես Ադրբեջանի [կողմից], իսկ մենք ազատագրել ենք այդ տարածքները, և հիմա Արցախի Հանրապետությունը փաստացի՝ և՛ իրական մեզ համար, և՛ բարոյական և՛ ամեն տեսանկյունից այնպես է, ինչպես որ կա հիմա», - շեշտեց Բաբայանը։

«Ազատության» հարցին՝ հատկապես Ռոբերտ Քոչարյանի, որ եղել է Լեռնային Ղարաբաղի նախագահ, Արցախի հերոս, փաստաբանի նման հայտարարությունը ի՞նչ է նշանակում իր կարծիքով, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, դա ավելի ճիշտ է ճշտեք պատկան, այսպես ասած, օղակներից։ Ես կարող եմ միայն ասել այն, որ ըստ մեր Սահմանադրության ինչպիսի վարչատարածքային բաժանում ունենք մենք, և մենք համարում ենք, որ այդ տարածքները մենք ո՛չ օկուպացրել ենք, ո՛չ գրավել ենք՝ մենք տարածքները ազատագրել ենք մեր տղաների արյունով և միշտ ասում ենք և շարունակելու ենք ասել, և ցանկացած հայրենասեր այդպես էլ մտածում է, որ վերադարձ անցյալին չի լինելու, ուզում է դա սահմանների առումով դիտարկեք, թե կարգավիճակի»։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրերին» երեկ տված հարցազրույցում «Արցախի հերոս» կոչումը կրող Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց. «Արցախի Հանրապետության մի մաս [ազատագրված] տարածքները չեն կարող համարվել ապրիորի»:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ասելով չեմ կարող իր փոխարեն ասել ինչ է հասկացվում, բայց այն, ինչ մենք նկատի ունենք, այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ինքնուրույն պետական միավոր՝ կապ չունի ճանաչված, թե չճանաչված, ունի Լեռնային Ղարաբաղի զինված ուժեր և դրանց կազմից որևէ զինծառայող, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ենթակայության տակ գտնվող որևէ զինծառայող Հայաստանի Հանրապետություն չի բերվել», - ասաց Խուդոյանը։

Լրագրողի հարցին, թե ազատագրված շրջանները չի՞ համարում նաև Արցախի մի մաս, պաշտպանը արձագանքեց. «Արցախի Հանրապետության մի մաս այդ տարածքները չեն կարող համարվել ապրիորի»։

Ինչպես հայտնի է, Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր ներկայացրեցին դատարան, որից հետո էլ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս մայիսի 18-ին ազատվեց կալանքից:

«Ազատության» այն հարցին, թե նախագահ Բակո Սահակյանը տեղյա՞կ է այս հայտարարության մասին, քանի որ Արցախի նախկին և ներկա նախագահները միջնորդեցին դատարանում կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին, Բաբայանը պատասխանեց. «Մենք այդ բաները նորից չպետք է շահարկենք, կրկնում եմ մեր Սահմանադրությունում ամեն ինչ հստակ նշված է՝ որն է մեր սահմանները, որոնք են մեր տարածքները»։

Քոչարյանի նախագահության տարիներին իշխանության մաս կազմած Հանրապետական կուսակցությունից այսօր չարձագանքեցին Խուդոյանի հայտարարությանը:

Կոալիցիոն մյուս գործընկերոջ՝ Դաշնակցության ներկայացուցիչները նույնպես զուսպ էին: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երկու օր է Երևանում չէ, ուստի չի կարող արձագանքել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի հայտարարությանը: Փոխարենը «Ազատության» հարցերին համաձայնվեց պատասխանել ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

«Ես չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը ինչ է ասել, բայց կարող եմ հստակ ասել՝ մենք մեր հայրենիքի ազգային անվտանգությունը շատ-շատ ավելի ենք սիրում, քան քաղաքական որևէ հարց և քաղաքական որևէ շահարկում, դրա պատճառով էլ որևէ մեկնաբանություն այս հարցով չենք կարող տալ», - նշեց Մանուկյանը։

«Ազատության» հարցին, թե չի կարծում, որ այս հայտարարությունը կարևոր է նաև ազգային անվտանգության տեսանկյունից, Մանուկյանն արձագանքեց. «Մեզ համար կա միացյալ հայրենիք, միացյալ Հայաստան, Արցախի Հանրապետություն ազատագրված տարածքներով, մնացած բոլոր հարցերի մեկնաբանությունները, շահարկումները, այս թեմայով չենք ուզում որևէ շահարկմանը մասնակից դառնալ»։

Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը «պատահական դուրս սպրդում» որակեց Արցախի հերոսի փաստաբանի հայտարարությունը:

«Ես ուզում եմ հույս ունենալ, որ սա պաշտպանական տակտիկա չի, համենայն դեպս կարծում եմ, որ փաստաբանը իրավունք ունի ցանկացած պաշտպանական տակտիկա կիրառելու իր պաշտպանյալի իրավունքները պաշտպանելու համար, բայց և կարծում եմ, որ սա պատահական դուրս սպրդում է անձնական կարծիքի կամ կոնկրետ չգիտեմ, իրավունքի հետ կապված վերաբերմունքի մասով։ Կսպասեմ զարգացումներին»։

Դիտարկմանը՝ նա կարծում է, որ սա անզգույշ հայտարարություն էր, Թևոսյանը պատասխանեց. «Ես ավելի հակված եմ այդ մտքին, այո»։

Օրվա ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով․ «Ցավում եմ, որ նախօրեին տրված հարցազրույցում չեմ կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքս, ինչը անտեղի շահարկումների առարկա է դարձել: Փաստ է, որ քաղաքական փորձառություն ես չունեմ, հույս ունեմ չեմ ունենա, քանի որ դա դուրս է իմ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակից։ Հաշվի առնելով, որ առանձին հարցադրումների կապակցությամբ կարևորվում է անձամբ պարոն Քոչարյանի, ոչ թե իմ մասնագիտական կարծիքը, հաջորդ անգամ թեմային անդրադառնալուց առաջ ձևակերպուների վերաբերյալ անպայման կխորհրդակցեմ պարոն Քոչարյանի հետ և կկիսվեմ արդեն իր կարծիքով»:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի աղմկահարույց հայտարարությունից անցել է մեկ օր, սակայն երկրորդ նախագահի գրասենյակը այդպես էլ հանդես չի եկել հայտարարությամբ: Թե ինչ է մտածում Արցախի հերոսը իր պաշտպանի խոսքերի կապակցությամբ կապվեցինք գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ: «Փաստաբանը սպառիչ պարզաբանում է տվել», - արձագանքեց Սողոմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG